Արարատի մարզպետարանն անդրադարձել է Տիգրանաշենն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու լուրերին

Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է նաև այս հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, թե փետրվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու մասին հարցը՝ իրականությանը չի համապատասխանում: Այս մասին Facebook–ի էջում հայտարարություն է տարածել Արարատի մարզպետարանի լրատվության բաժինը։

«Այցելության ժամանակ քննարկվել են բացառապես մարզում իրականացված և իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի այն շրջանակը, որն ավելի վաղ ներկայացվել է պաշտոնական հաղորդագրության մեջ»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Մարզպետարանից խնդրում են այսուհետ չտարածել նման ապատեղեկատվություն և զերծ մնալ ներքին և արտաքին թշնամիների շահերը սպասարկելուց:

Հիշեցնենք`Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում հանդիպել էր մարզպետի և մարզպետարանի ներկայացուցիչների հետ։ Վարչապետը տեսանյութ էր հրապարակել Facebook–ի իր էջում, նշելով, որ առաջիկայում պետք է նախապատրաստական աշխատանքներ կատարվեն գարնանային գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ, օրակարգում են նաև բիզնեսի զարգացման, անվտանգության ապահովման, սոցիալական խնդիրների հարցերը։ 

Արարատի մարզի մի շարք համայնքապետներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին