ԱՄՆ-ն մտադիր չէ Ս-400-ի հարցով աշխատանքային խումբ ստեղծել Թուրքիայի հետ. դեսպան

Դիվանագետը խոսել է Անկարային ռուսական զենք մատակարարելու խնդիրն ուսումնասիրող թուրք–ամերիկյան աշխատանքային խումբ ստեղծելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ Թուրքիայի հետ համատեղ աշխատանքային խումբ ստեղծել Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնման շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Տեղեկությունը հայտնում է Anadolu-ն։

«Աշխատանքային խումբ չկա և չի լինի ։ Սա ԱՄՆ–ի օրենքները պահպանելու հարց է։ Մենք հուսով ենք, որ Ս-400-ների խնդիրը կարող է կարգավորվել, բայց եթե դա հնարավոր չէ, ապա մենք կշարունակենք ուշադրությունը կենտրոնացնել մեր համագործակցության այն բոլոր ոլորտների վրա, որոնց վրա ուղղակիորեն չեն անդրադառնում սահմանված պատժամիջոցները»,– ասել է ամերիկացի դիվանագետը:

Դեռևս դեկտեմբերի վերջին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Անկարայի կողմից ռուսական Ս-400 համալիրներ ձեռք բերելու հարցով համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվելու։

Նոր թռիչքներ չեն լինի․ Ռուսաստանը դուրս է գալիս Բաց երկնքի պայմանագրից

Փետրվարի 3-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նոր օգնական Ջեյք Սալիվանն ասել էր, որ Թուրքիայի կողմից Ս-400-ի գնումը խարխլում Է ՆԱՏՕ-ի համախմբվածությունն ու արդյունավետությունը:

Թուրքիան ԱԹՍ–ների մշակման ոլորտում կընդլայնի Գերմանիայի հետ համագործակցությունը

Հիշեցնենք, որ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները Թուրքիա մատակարարվեցին 2019 թվականի հունիսի կեսերին, ու դա ազդեց ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների վրա։ ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրեց F-35 կործանիչների արտադրության համատեղ ծրագրից ։ Պատժամիջոցներ սահմանվեցին Ս-400-ի գնման պատասխանատու թուրք պաշտոնյաների նկատմամբ։ Սակայն Անկարան ի պատասխան հայտարարեց, որ չի ենթարկվի Վաշինգտոնի ճնշմանը և չի հրաժարվի Ս-400-ներից։

Մեծ Բրիտանիան ավիակիր չի վաճառի Թուրքիային, բրիտանացիները մերժել են թուրքերի խնդրանքը. ԶԼՄ