Սննդամթերքն ամբողջ աշխարհում թանկանում է. ՄԱԿ-ի պարենային կազմակերպություն

Աշխարհում վերջին 8 ամիսների ընթացքում սննդամթերքի գների մշտական աճ է նկատվում։ ՄԱԿ–ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունը նշում է, որ թանկացող ապրանքների առաջին շարքում են շաքարավազը, հացահատիկն ու բուսայուղը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. 2021 թվականի հունվարին սննդամթերքի համաշխարհային գները 2014 թվականի հուլիսից ի վեր առավելագույնի են հասել, հայտնում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ/FAO)։

Որքան են բարձրացել գները Հայաստանում

Կազմակերպության տվյալներով, պարենի գներն 8 ամիս շարունակ աճում էին։ Բոլորից շատ թանկացել է հացահատիկը, բուսայուղն ու շաքարավազը։ ՊԳԿ պարենամթերքի գների ցուցիչի համաձայն` առավել մեծ պահանջարկ ունեցող սննդամթերքի գների միջին նշանակությունը հունվարին հասել է 113,3 կետի, ինչը 4,3%–ով բարձր է դեկտեմբերի մակարդակից։

Հացահատիկի գնի ցուցիչը  մեկ ամսվա ընթացքում աճել է 7,1%–ով, եգիպտացորենը թանկացել է 11,2%–ով, ցորենը` 6,8%–ով։ Հունվարի ընթացքում բուսայուղը թանկացել է 5,8%–ով, ինչը 2012 թվականի մայիսից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։  Շաքարավազի գնի ցուցիչը ավելացել է 8,1%–ով, իսկ մսի և կաթնամթերքինը` համապատասխանաբար 1% և 1,6%–ով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 4-ին տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ հանդիպմանը  մտահոգություն էր հայտնել պարենի համաշխարհային շուկայում առկա իրավիճակով։  Տնտեսական զարգացման նախարարը բացատրել է դա նրանով, որ համավարակի շրջանում ներմուծող պետությունները պահուստները համալրելու համար կտրուկ ավելացրել են պարենամթերքի գնումների ծավալները։

Որոշ ՍՊԸ–ներ տուգանվել են նարնջի, մանդարինի, կիվիի գներն արհեստականորեն բարձրացնելու համար

Բացի այդ, իրավիճակի վրա ազդել են 2021 թվականին հացահատիկի բերքի անբարենպաստ կանխատեսումները։