Շուռնուխում ու Որոտանում տուն կորցրած ընտանիքները դրամական աջակցություն կստանան

Կառավարության որոշման համաձայն` աջակցության ծրագրում ներգրավվում են իրենց տները կորցրած այն սյունեցիները, որոնք վերջին 3 ամսվա ընթացքում բնակվել են նշված հասցեներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունն աջակցություն կտրամադրի Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տների բնակիչներին։ Որոշումը կայացվեց գործադիրի այսօրվա նիստում։

Հարբած ադրբեջանցիները կրակում են Սյունիքի գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ

Ինչպես նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որոշումը կայացվում է ուրբաթ օրը Սյունիքում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ ձեռք բերված նախնական պայմանավորվածության արդյունքում։

«Աջակցության ծրագրերը վերաբերում են այն անձանց, որոնք խնդիր են ունեցել իրենց տների հետ կապված, և ես կարծում եմ, որ սա շատ կարևոր ծրագիր է»,–ասաց Ավինյանը։

Կառավարության որոշման համաձայն` աջակցության ծրագրում ներգրավվում են իրենց տները կորցրած այն սյունեցիները, որոնք վերջին 3 ամսվա ընթացքում բնակվել են նշված հասցեներում։

Շուռնուխի ու Որոտանի այդ բնակիչները ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կստանան 300 000 դրամ միանվագ դրամական օգնություն և ամսական 68 000 դրամ։

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 6 ամսվա կտրվածքով։

Հիշեցնենք` Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածք։