ՌԱԴԻՈ

Լռեցնո՞ւմ են, թե՞ սիրաշահում. ռազմական փորձագետը` Ջալալ Հարությունյանի նշանակման մասին

Ռազմական փորձագետը չի բացառել, որ ՊԲ նախկին հրամանատարի նշանակումը պայմանավորված է նաև նրա վիրավորումով և այն քրեական գործով, որի շրջանակում Հարությունյանը հարցաքննվել է։
Sputnik
Լռեցնո՞ւմ են, թե՞ սիրաշահում. ռազմական փորձագետը` Ջալալ Հարությունյանի նշանակման մասին

Գործող իշխանությունը ինչպես կառավարման մյուս օղակներում՝ ՊՆ-ում ևս բարձրաստիճան սպայական կազմի կադրերի համալրման խնդիր ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը` մեկնաբանելով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում նշանակման լուրը։

Հարությունովը, սակայն, չի բացառում, որ ՊԲ նախկին հրամանատարի նշանակումը պայմանավորված է նաև նրա վիրավորումով։

«Դրանից ելնելով էլ որոշել են, որ բուն հրամանատարական գործունեությամբ չզբաղվի, բայց ժամանակակից մարտական գործողությունների  փորձառությունը վերահսկողական իմաստով կարող է օգտակար լինել»,- ասաց ռազմական մեկնաբանը։ 

Ջալալ Հարությունյանին հարցաքննել են, մահափորձ կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել

Իսկ կարո՞ղ է արդյոք այս նշանակումը դիտարկվել Հարությունյանին լռեցնելու կամ սիրաշահելու փորձ, այն դեպքում, երբ արդեն հայտնի է, որ վերջինս հարցաքննվել է իր դեմ մահափորձ կատարելու վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում. ռազմական մեկնաբանը դժվարանում է պատասխանել, ասում է `տեսակետը հաստատող օբյեկտիվ փաստերի չի հանդիպել։ 

ՊԲ հրամանատարներին ՀՀ ԶՈւ-ում բարձր պաշտոններում նշանակելու փորձը նոր երևույթ չէ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ, սակայն Ջալալ Հարությունյանին համեմատաբար «ցածր» պաշտոնում նշանակելու որոշումը Հարությունովը կապում է նաև մարտական գործողությունների ձախողված ընթացքի, ինչպես նաև առողջական խնդիրների հետ։

Նշենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը հաստատել էր, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ:

Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից