ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik.Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր Factor.am-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց, որ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի` խաղատուն այցելելու հետ կապված հանգամանքները ճշտվում են։
«Այդ հանգամանքները պարզվում են։ Լրացուցիչ կիմանաք»,– լրագրողի հարցին ի պատասխան ասաց Հովհաննիսյանը։
ՊԵԿ նախագահը չհստակեցրեց` քննությունը ծառայողական է, թե այլ բնույթի։
Հիշեցնենք` 2020թ–ի ամռանը մամուլում լուսանկար հրապարակվեց, որտեղ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն ու նրա երկու ծառայակիցները խաղատանն էին, և որը, ըստ մեկնաբանության, գտնվում էր Հայաստանից դուրս։
Դա արտառոց էր այնքանով, որ Հայաստանում համավարակի պատճառով կարանտին էր գործում, և խաղատներն ու սահմանները փակ էին։
Ավելի ուշ պարզվեց, որ լուսանկարում պատկերված է Սոչիի «Կռասնայա պոլյանա» թաղամասում գործող «Սոչի» խաղատունը։
Մաշադյանը ՊԵԿ–ում բարձր պաշտոններ է զբաղեցրել 2008թ–ից ի վեր։ Իսկ ՊԵԿ փոխնախագահ է նշանակվել 2018թ.–ին` իշխանափոխությունից հետո։ Ըստ մամուլի` նա վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգականն է։