ՌԱԴԻՈ

«Մեզ պետք են մարդիկ, որոնք թևերը քշտած կկատարեն ամենօրյա աշխատանք». կրթության փորձագետ

Կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԿԳՄՍ–ի նոր չափորոշիչներին, որոնց համաձայն` կրճատվում է դպրոցներում դասավանդվող առարկաների և դասաժամերի քանակը, իսկ աշակերտների գնահատումը կսկսվի միայն 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից։
Sputnik
«Մեզ պետք են մարդիկ, որոնք թևերը քշտած կկատարեն ամենօրյա աշխատանք». կրթության փորձագետ

Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ` չափորոշիչների հարցը բավականին մասնագիտական է և ամենակարևորն այն է, թե ինչպես կիրականացվեն այդ չափորոշիչները, որովհետև 21–րդ դարում, ըստ նրա, առանձնապես մեծ խնդիր չէ որևէ փաստաթուղթ գրելը, դրա համար բավական է մտնել համացանց, գտնել տարբեր երկրներում կիրառվող փաստաթղթերը, ամեն տեղից վերցնել ինչ–որ հատվածներ և դրանք տեղայնացնել հայաստանյան իրականության մեջ։ 

Հայաստանի դպրոցներում դասավանդվող առարկաների քանակն ու դասաժամերը կկրճատվեն

«Հաջողության հասած երկրների ամբողջ առավելությունը գալիս է նրանից, թե նրանք ինչպես են իրականացրել չափորոշիչները։ Մեր օրերում գաղափարներն անվճար են և օրինակ մինչև 5–րդ դասարանի աշակերտներին չգնահատելը կիրառվում է Նորվեգիայում, իսկ Հայաստանում այն կիրառելու համար արդյո՞ք կարողանում ենք ապահովել այնպիսի միջավայր, որ թվանշան հանելը չազդի կրթության որակի վրա։ Հենց այստեղ է, որ նախարարության դերը դառնում է որոշիչ։ Այդ գերատեսչությունում է որոշվելու` տվյալ չափորոշիչը լավն է, թե վատը»,– նշեց կրթության հարցերով փորաձագետը։

Խաչատրյանի կարծիքով` տարբեր երկրներ կիրառում են տարբեր մոդելներ, մոտեցումներ, մի տեղ հաշվի են առնում երկրի առանձնահատկությունները, մեկ այլ տեղում անտեսում են, հետևաբար արդյունքներն էլ տարբեր են, որովհետև մի տեղ լավ են անում, ուրիշ տեղ`վատ։ Փորձագետը ենթադրեց, որ կոնկրետ մինչև 5-րդ դասարանի աշակերտներին չգնահատելն իր մեջ պարունակում է ռիսկեր, որովհետև երեխաները կրթության հանդեպ դառնալու են ավելի անտարբեր։ 

«Մի ամբողջ սերունդ կարող ենք կորցնել». ինչ պետք է անի կրթության նորանշանակ նախարարը

«Մենք կարծես սովորել ենք տարբեր տեղերից տարբեր բաներ վերցնել, բայց դեռ չենք սովորել այդ ամենը կյանքի կոչել։ Մեզ մոտ ներդրման փուլը շատ վատ է ընթանում։ Մեզ պետք են մարդիկ, որոնք թևերը քշտած կկատարեն ամենօրյա աշխատանք, այլ ոչ թե ավելի շատ ուշադրություն կդարձնեն իրենց PR գործունեությանը»,– նշեց փորձագետը։ 

Խաչատրյանի համոզմամբ` կրթությունը զարգանում է ամենօրյա աշխատանքով, այլ ոչ թե առանձին փաստաթղթով, քանզի չկա անգամ մեկ դեպք, որ երկրներից մեկում ընդունել են որևէ փաստաթուղթ և կրթությունը զարգացել է հենց միայն դրա շնորհիվ։ 

Կրթությունը` սկանդալների ոլորտ. ի՞նչ ելք է տեսնում փորձագետը ստեղծված իրավիճակից