ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2021թ–ի «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը»։
Ինչպես նիստում ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի կողմից 2020 թվականի նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի 9-րդ և 10-րդ կետերի պահանջից, այն է` կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարում և տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում։
«Ակնհայտ է, որ 2020 թվականին կորոնավիրուսի համավարակը և Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, բացի հանրային առողջության ու անվտանգության մարտահրավերներից, երկրի համար նշանակալի և բազմակի տնտեսական շոկերի աղբյուր էին»,– ասաց Ավինյանը։
Այդ շոկի հաղթահարման համար, նրա խոսքով, անհրաժեշտ են կարճաժամկետ, թիրախային միջոցառումներ։ Ծրագրով նախատեսված է 3 հիմնական ուղղություն` տնտեսական ակտիվության վերականգնման, վստահելի գործարար միջավայրի ապահովում և միջնաժամկետ տնտեսական օրակարգի ձևավորում։
Կառավարության կազմած գործողությունների պլանը բաղկացած է 12 նպատակային և 14 աջակցության ծրագրերից։ Օրինակ` գյուղատնտեսության ոլորտում, Ավինյանի խոսքով, կառավարությունը որոշել է ավելացնել բարձր արժեք ստեղծող մշակաբույսերի աճեցումն ու վերամշակումը։
Շուռնուխում ու Որոտանում տուն կորցրած ընտանիքները դրամական աջակցություն կստանան
«Այստեղ կարող եմ շատ կոնկրետ օրինակ բերել, դա արդյունաբերական կանեփն է, որի արտադրության շատ կոնկրետ դրական փորձն ունեն ՌԴ–ն, ԱՄՆ–ն, Չինաստանը։ Մենք նույնպես կարգավորումների առումով այս դաշտը շատ արագ ստեղծելու ենք»,– խոստացավ Ավինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով փոխվարչապետին, կանխատեսեց, որ կանեփի թեման շահարկումների տեղիք է տալու և կարևորեց, որ այն ճիշտ ներկայացվի։
«Կանեփ ասելով այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարևոր արդյունագործական հումք է, և տվյալ դեպքում խոսքն այդ հումքի վերամշակման մասին է, որը, իհարկե, ռիսկեր ունի, որոնց կառավարման հստակ մեխանիզմներ կան մշակված ու լայնորեն կիրառվում են այլ երկրներում»,– ասաց վարչապետը։
Ծրագրերի շարքում են նաև կառուցապատման ծրագրերը` Երևանի 33-րդ թաղամասի, Կոնդի, Հին Երևանի և այլն։ Նախատեսվում է արագացնել նաև պետգույքի օտարման գործընթացները։
Իսկ աջակցության ծրագրերը հիմնականում կորոնավիրուսի հաղթահարման ծրագրերի շարունակություն են ենթադրում, ինչպես նաև Թուրքիայից մինչ այժմ ներմուծվող ու այժմ արգելված ապրանքների տեղական արտադրության խրախուսման մի շարք ծրագրեր։
Ի՞նչ վիճակում է մեր տնտեսությունը մտել 2021 թվական
Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանի» իրականացման ավարտին նախատեսվում է, որ բյուջեով կանխատեսված ՀՆԱ–ի ցուցանիշը կավելանա 1 տոկոսային կետով։