ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Օդային հաղորդակցության վերականգնումից հետո Մոսկվա մեկնած ՀՀ քաղաքացիներից միայն 7-ի դեպքում են խնդիրներ առաջացել։
Տեղեկությունը կառավարության այսօրվա նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ երեկ տեղեկանալով առաջացած խնդրի մասին` պահանջել և ստացել է այդ վիճակագրությունը։
«Այսինքն` միայն 7-ի դեպքում են տեխնիկական բնույթի խնդիրներ ծագել, իսկ մեկնողների ընդհանուր թիվն արդեն հազարների է հասել»,– ասաց վարչապետը` հավելելով, որ Հայաստան վերադարձողների թիվը ևս մեծ է։
Թե որքան, հայտնեց արդեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այս երեք օրվա ընթացքում մենք, բնականաբար, մոնիթորինգի տակ ենք պահում իրավիճակը։ Հայաստանից ընդհանուր առմամբ` երկու օդանավակայաններից, մեկնել է 3900 մարդ, եկել` 3400–ը։ Հայկական անձնագրով մեկնածների թիվը 1423 է, հայկական անձնագրով Հայաստան ժամանածների թիվը` 1263 քաղաքացի»,– ասաց Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է վերոհիշյալ 7 քաղաքացիներին, որոնք տեխնիկական խնդիրների պատճառով վերադարձվել էին Հայաստան, Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ խնդիրն, ամենայն հավանականությամբ առաջացել է այն պատճառով, որ նրանք ՌԴ են մեկնել թղթային QR կոդով, ինչն էլ, ըստ փոխվարչապետի, կասկածներ է առաջացրել ՌԴ սահմանապահների մոտ։
«Մենք բնականաբար ավելի խորը կհասկանանք խնդիրը և կօժանդակենք, որ այդ խնդիրները լուծվեն, բայց ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ դա ընդհանրապես կապ չունի հավելվածի աշխատանքի հետ»,– ասաց Գրիգորյանը։
Միակ խնդիրը, նրա խոսքով, որ առաջացել է հավելվածի հետ, նույն բջջային հեռախոսում երեխաների և ծնողի QR կոդերի համադրումն է։
Փոխվարչապետը վստահեցրեց, որ ծրագիրն անթերի աշխատում է, և արդեն 20 000 մարդ ներբեռնել է այն։
Իսկ նշված 7 քաղաքացիների դեպքում թերացել է ոչ թե ծրագիրը, այլ նրանք, ովքեր թույլ են տվել թղթային տարբերակով մեկնել` չսպասելով հավելվածի ակտիվանալուն։
Նախարարությունը պարզաբանում է, թե ինչ է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում
«Փորձել են իհարկե ընդառաջել, բայց ստացվել է այն, ինչ ստացվել է»,– ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք` փետրվարի 1-ին Երևանի Մոսկվա առաջին չվերթով մեկնած քաղաքացիներից ոմանց Մոսկվան չէր ընդունել։ Երևան վերադարձած քաղաքացիները փետրվարի 3-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բողոքում էին` պատասխան պահանջելով իրենց տրված «կեղծ» թղթերի համար։
Ստիպված են եղել քնել նստարանին․ Ռուսաստանից արտաքսված հայերը դեռ «Զվարթնոցում» են
Ուղևորները հայտնել էին, որ իրենց թռիչքից առաջ ասել են` մինչև դուք տեղ հասնեք, հավելվածը կակտիվանա ու դուք որևէ խնդիր չեք ունենա։