ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. ՀՀ կառավարությունն արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով այսօր որոշում ընդունեց արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված, գերեվարված զինծառայողներին, ինչպես նաև անհետ կորած, զոհված, գերեվարված զինծառայողների հարազատներին հոգեբնական աջակցություն տրամադրելու մասին։
«Այս ծրագիրը նախատեսված է ոչ միայն ՀՀ–ում, այլև Արցախում իրականացվելու համար։ Ծրագրով նախատեսված է աջակցություն ցուցաբերել նաև Արցախի Հանրապետությունից տեղահանված այն քաղաքացիներին, ովքեր ժամանակավորապես գտնվում են ՀՀ–ում»,– հարցի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։
Նրա խոսքով` նախատեսվում է տրամադրել հետևյալ աջակցությունը.
- անհատական հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա`մինչև 8 սեանս,1-1,5 ժամ տևողությամբ,
- խմբային հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա` մինչև 8 սեանս, 1-1,5 ժամ տևողությամբ,
- առցանց կամ հեռախոսով տրամադրվող հոգեբանական աջակցություն կամ հոգեթերապիա` մինչև 8 սեանս, 1-1,5 ժամ տևողությամբ,
- հոգեբանների շարժական խմբերի ծառայություն՝ մինչև 8 սեանս,
- հոգեբանական թեժ գծի ծառայություն։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա` որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան