Առաջնահերթ հարց է գերիների շուտափույթ վերադարձը․ ԱԺ նախագահը՝ ՄԱԿ-ի ԶԾ ներկայացուցչին

Մարդասիրական խնդիրների հաղթահարման ճանապարհին Միրզոյանը կարևորել է միջազգային գործընկերների մասնակցությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինիի հետ, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հյուրին համագործակցության և տարբեր ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի համար:

Ադրբեջանում Կարմիր խաչն այցելել է 4 հայ գերիների

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի խորհրդարանի եւ ՄԱԶԾ-ի միջև գործակցությանը, որն ուղղված է Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, դրա ծանր հետևանքներին։ Նա առաջնահերթ է համարել հայ ռազմագերիների և գերեվարված անձանց շուտափույթ վերադարձի հարցը:

Խորհրդարանի խոսնակը նշել է պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական այլ խնդիրների շուտափույթ հաղթահարման մասին։ Այս հարցում նա շեշտել է միջազգային գործընկերների ակտիվ ներգրավվածության կարևորությունը։

Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարությամբ արցախյան ռազմաճակատում հրադադար հաստատվելուց ի վեր պաշտոնական տվյալներ չկան հայկական կողմի գերիների թվի վերաբերյալ։

ՄԻԵԴ-ը Հայաստանից և Ադրբեջանից 241 գերիների մասին հարցումներ է ստացել․ 228-ը հայ են