ՌԱԴԻՈ

Անհրաժեշտ են այնպիսի մեխանիզմներ, որ բացառվի կանեփի հանցավոր շրջանառությունը

ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կառավարության նախաձեռնությանը, ըստ որի` Հայաստանում կաճեցվի արդյունաբերական կանեփ։
Sputnik
Անհրաժեշտ են այնպիսի մեխանիզմներ, որ բացառվի կանեփի հանցավոր շրջանառությունը

Հովհաննես Քոչարյանի դիտարկմամբ` նախ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում արդյունաբերական կանեփ, եթե այդ հասկացությունը ենթադրում է հսկողության այնպիսի մեխանիզմներ, որոնց շնորհիվ կբացառվի կանեփի հանցավոր շրջանառությունը, այսինքն` հնարավոր չի լինի ոչ արդյունաբերական նպատակներով կանեփի շրջանառությունը, գուցե դրանից տնտեսական օգուտ կլինի։

«Բայց քանի որ ես կանեփի և կանեփանմանների նկատմամբ ունեմ ներքին շատ բացասական վերաբերմունք որպես հանցավորությանը նպաստող պայման, հետևաբար կարծում եմ, որ այդ նախագիծը պետք է անցնի բավականին լուրջ քրեաբանական փորձաքննություն, և այդ եզրակացության հիման վրա կառավարությունը նոր պետք է ընդունի որոշում»,– նշեց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալը։

Հայաստանը կանեփ կաճեցնի. համավարակի և պատերազմի տնտեսական շոկերը հաղթահարելու միջոց

Քրեաբանական փորձաքննություն ասելով Քոչարյանը նկատի ունի այն, որ սկզբունքորեն պետք է բացառվի տվյալ բույսի հետ կապված ապօրինի շրջանառության հնարավորությունները։

«Արդյունաբերական կանեփ աճեցնելու համար անհրաժեշտ է մասնագիտական լրջագույն հիմնավորում, ապա նոր հետո որոշվի` դա տնտեսական օգուտի հետ համարժե՞ք է, թե՞ ոչ»,– նշեց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալը։

Քոչարյանը հիշեցրեց այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը դեռ 2003 թվականին որոշում է կայացրել, որի համաձայն` կանեփ բույսի բոլոր տեսակների շրջանառությունը ՀՀ տարածքում արգելված է, և ինքն այդ որոշման ընդունման հարցում ունեցել է որոշակի մասնագիտական ներդրում, քանզի այդ տարիներին աշխատում էր ոստիկանությունում։

Քոչարյանի խոսքով` սահմանափակումների խիստ ռեժիմը պայմանավորված էր վերոհիշյալ մտահոգություններով, հետևաբար ընդգծեց, որ արդյունաբերական կանեփ աճեցնելու պարագայում կառաջանա նաև օրենսդրական փոփոխությունների կարիք, որովհետև ոլորտը կարգավորվում է հատուկ օրենքով, որը վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման հարցերին և դրանում արձանագրված է նաև, թե թմրամիջոցների լեգալ շրջանառությունը որ դեպքերում է հնարավոր։ 

«Արդյունաբերական տերմինն ինձ ծանոթ չէ, դրա տակ պետք է դրվի կոնկրետ գաղափար, և լավ կլինի, որ պետությունն էլ հենց իր վերահսկողության տակ անմիջապես պահի ոլորտի նկատմամբ կարգավորումները, որպեսզի բացասական հետևանքներ չլինեն, այսինքն` պետք չէ գայթակղվել տնտեսական էֆեկտով, որպեսզի հոնքը սարքելու տեղը աչքը չհանենք»,– նշեց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալը։ 

«Կանեփ-կակաչ - 2020». տնամերձ 5 հողամասից 405 բույս են գտել

Հիշեցնենք, որ կառավարության կազմած գործողությունների պլանը բաղկացած է 12 նպատակային և 14 աջակցության ծրագրերից։ Օրինակ` գյուղատնտեսության ոլորտում, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով, կառավարությունը որոշել է ավելացնել բարձր արժեք ստեղծող մշակաբույսերի աճեցումն ու վերամշակումը։

Ավինյանը վկայակոչել է կոնկրետ օրինակ՝ արդյունաբերական կանեփը, որի արտադրության դրական փորձն ունեն ՌԴ–ն, ԱՄՆ–ն, Չինաստանը, հետևաբար, ըստ նրա, Հայաստանում նույնպես կարգավորումների առումով դաշտը շատ արագ կստեղծվի։