Ադրբեջանական զորքը Ներքին Խնձորեսկ չի մտել․ այստեղ ևս ճշգրտվում է սահմանը․ գյուղապետ

Գյուղապետի խոսքով՝ մինչ օրս բնակիչները զինվորների կողքին գիշերային հերթապահություն են իրականացնում՝ հսկելով սահմանի անվտանգությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ադրբեջանական զորքը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղ չի մտել։ Գյուղապետարանի Facebook-ի պաշտոնական էջում հայտարարություն է տարածել գյուղապետ Երվանդ Մալունցը։

Հարբած ադրբեջանցիները կրակում են Սյունիքի գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ

Նրա խոսքով՝ վերջին օրերին տեղի են ունենում պետական սահմանի ճշտման և հստակեցման աշխատանքներ։ Գյուղապետը շեշտում է՝ գործընթացը խաղաղ է ընթանում։ Այստեղ ևս պետական սահմանը ճշտվում GPS-ի միջոցով:

«Ի զգուշացումն և ի գիտություն սոցհարթակներում վխտացող կեղծ լրատվամիջոցների՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ Ներքին Խնձորեսկ ադրբեջանական ոչ մի զորք չի մտել. մի՛ զբաղվեք ապատեղեկատվություն տարածելով ու մի՛ փորձեք արհեստական խուճապ ստեղծել. ներքինխնձորեսկցին երբեք խուճապի չի մատնվում, մի՛ չարչարվեք ու ձեր երևակայությանն այդքան նեղություն մի՛ տվեք»,- գրել է գյուղապետը։

Նրա տեղեկացմամբ՝ Ներքին Խնձորեսկի բնակիչները մինչ օրս իրականացնում են գիշերային հերթապահություն՝ զինվորի հետ միասին հսկելով սահմանը։

Մենք ենք, մեր սարերն ու GPS-ը, կամ ով և ինչպես է կիսում հայկական հողերը

Ավելի վաղ լրատվամիջոցներում և սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե ադրբեջանցի զինծառայողները մտել են Ներքին Խնձորեսկ գյուղ և պահանջել են ազատել այն։