Ադամ Շիֆը պահանջում է վերադարձնել հայ գերիներին

Ամերիկացի քաղաքական գործիչը ջանքեր է գործադրելու, որ Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ գրեթե երեք ամիս է անցել եռակողմ հայտարարության ստորագրումից, որը վերջ դրեց Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախում սանձազերծած պատերազմին, բայց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին։

«Ադրբեջանը նախկինի պես հրաժարվում է ազատել տասնյակ հայ ռազմագերիներին, ինչպես նաև գերի ընկած խաղաղ բնակիչներին։ Ադրբեջանը շարունակում է նաև սպառնալ իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող կրոնական և մշակութային հուշարձաններին»,– Facebook–ի իր էջում գրել է Շիֆը։

ԱՄՆ կոնգրեսականի խոսքով ՝ ԱՄՆ–ն պետք է վերականգնի Մինսկի խմբի հետ աշխատանքը, որպեսզի Արցախի ժողովրդի համար ինքնորոշում և խաղաղություն պահանջի, և առաջնահերթություն պետք է լինի բոլոր ռազմագերիների անհապաղ վերադարձը:

«ԱՄՆ Կոնգրեսում ես իմ գործընկերների հետ աշխատելու եմ, որպեսզի լուրջ պատժամիջոցներ կիրառվի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ Արցախի վրա անօրինական հարձակման համար։ ԱՄՆ-ի քաղաքականությունը պետք է վերադարձնել այնտեղ, որտեղ այն պետք է լինի ՝ պաշտպանել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը»,–նշել է նա։

Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել։ Ադրբեջանի իշխանությունները չեն շտապում վերադարձնել գերիներին՝ նրանցից շատերին անվանելով ահաբեկիչներ և վարձկաններ։ Հայ գերիների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։ Ըստ որոշ տվյալների ՝ Ադրբեջանում 120 հայ գերի կա։

Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան