ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Եվրասիական միության և Իրանի նոր առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները կմեկնարկեն արդեն փետրվարին։ Այս մասին Նուր– Սուլթանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարարների առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵԱՏՀ նախարար Անդրեյ Սլեպնյովը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև արտոնյալ առևտրի ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերին, սակայն առևտրի ծավալներում դեռևս զգալի աճ չի տվել: Մասնավորապես, Հայաստանից արտահանումը նախկինի պես գրեթե ամբողջությամբ բաղկացած է գառան մսից և Իրանի հետ էլեկտրաէներգիայի սեզոնային փոխհոսքերից (գարնանը էլեկտրականությունը մատակարարվում է Իրան, աշնանը և ձմռանը՝ ստացվում այնտեղից)։ Որոշ ապրանքների հետ կապված սպասումները, որոնք Հայաստանը ցանկանում էր համաձայնագրի արդյունքում առաջ մղել իրանական շուկայում, դեռ չեն արդարացել։
Սլեպնյովը նկատել է, որ դա մասամբ կարող է կապված լինել կորոնավիրուսի տարածման հետ։ Բայց կա նաև այլ` COVID-ից անկախ խնդիր․ խոսքը վճարումների հետ կապված բարդությունների մասին է, քանի որ արևմտյան երկրների պատժամիջոցների պատճառով իրանական բանկերը չեն կարող օգտվել միջբանկային տվյալների փոխանցման SWIFT միջազգային համակարգից:
«Ճիշտ է, հիմա՝ ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխության հետ, կարելի է ենթադրել, որ պատժամիջոցների ռեժիմում արևմտյան երկրները կվերադառնան նախնական դիրքի` այսինքն 2015թ․-ի համապարփակ համաձայնությանը»,-ավելացրեց Սլեպնյովը։
Իր հերթին Եվրասիական հանձնաժողովն արդեն այս ամիս իրանցի գործընկերների հետ խորհրդակցություններ կսկսի նոր համաձայնագրի ստորագրման շուրջ, քանի որ ժամանակավոր համաձայնագիրը նախատեսված է երեք տարվա համար:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Վիեննայում ստորագրված Գործողությունների համապարփակ ծրագրի համաձայն` Իրանը համաձայնագիր է կնքել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների և Գերմանիայի, ինչպես նաև Եվրասիական միության հետ։ Կողմերը պայմանավորվել են վերահսկել Իրանի միջուկային ծրագիրը և չեղարկել նրա դեմ տնտեսական պատժամիջոցները։
ԵԱՏՄ երկրների տնտեսությունները դիմակայել են կորոնավիրուսային ճգնաժամին․ ԵԱՏՀ նախարար
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի վերջին և նախատեսված է երեք տարվա համար:
Ըստ համաձայնագրի` կողմերը նվազեցրել են միմյանց համար մաքսատուրքերը մի շարք ապրանքային խմբերի համար, մասնավորապես այն ապրանքների, որոնք ներառում են Եվրասիական միության արտահանման 55%-ը և Իրանից ԵԱՏՄ արտահանման 49%-ը: Մասնավորապես, ԵՏՄ երկրները շահավետ պայմաններ են ստացել մսի, յուղի և ճարպերի, մետալուրգիական արտադրանքի, կոսմետիկայի արտահանման համար: Հայաստանի համար հետաքրքրություն են ներկայացնում հանքային ջրերի, քաղցրավենիքի, շոկոլադի, ոսկերչական իրերի, ինչպես նաև էլեկտրոնային և մեխանիկական սարքավորումների որոշ տեսակների արտահանման շահավետ պայմանները:
Այս ապրանքների համար Իրանը ոչ միայն նվազեցրել է մաքսատուրքերը, այլև պարտավորվել է չկիրառել ոչ սակագնային միջոցներ (սանիտարական և այլ նորմատիվ խոչընդոտներ), որոնք կարգելափակեին այդ ապրանքների մուտքը երկիր:
Իրանական կողմն իր հերթին արտոնություններ է ստացել բանջարեղենի և մրգերի, ինչպես նաև մի շարք շինանյութերի, գունավոր մետաղներից պատրաստված որոշ իրերի, սպասքի և գորգերի արտահանման համար:
ԵԱՏՄ տարածքում նավթի ու գազի ընդհանուր շուկաներ են ձևավորվում. Պուտին