Սկսվել է պատերազմում վիրավորված անձանց կարիքների գնահատման գործընթացը

Ինչպես և խոստացվել էր, այն իրականացվում է տնային այցերի միջոցով։ Վիրավորված ու հաշմանդամություն ստացած անձինք կարիք չունեն այցելելու սոցիալական ու բժշկական ծառայություններ մատուցող կառույցներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Հայաստանում այսօրվանից սկսվել է պատերազմի ընթացքում վիրավորված և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը։

Պատերազմում հաշմանդամություն ստացած քաղաքացիները կորցնում են աշխատանքը

Այն, ինչպես և նախապես խոստացվել էր, իրականացվում է տնային այցերի տարբերակով։ Պատերազմին մասնակցած ու հաշմանդամություն ստացած անձինք կարիք չունեն այցելել սոցիալական ու բժշկական ծառայություններ մատուցող կառույցներ։

«Տարբեր մասնագետներից բաղկացած խմբերն այցելում են շահառուների բնակարաններ, տեղում ճշտում պրոթեզի տեսակի, ֆունկցիոնալության մանրամասները»,– նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Մասնագետների խումբը, բոլոր կարիքների գնահատումից հետո եզրակացություն է տրամադրելու տվյալ անձի մասնագիտական վերականգնման, բնակարանի, հարակից միջավայրի հարմարեցման և այլ անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ։