««Սինի կիտի» շուրջ հիստերիան պետք է թարգել»․ հորդորում է Սամվել Մարտիրոսյանը

Փորձագետի կարծիքով՝ լրատվամիջոցները տարածում են ինչ-ինչ խաղերի անուններ և ավելացնում դրանց հանդեպ հետաքրքրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել է «Սինի կիտ» խաղին, որի շուրջ քննարկումները կրկին ակտիվացել են վերջին օրերի ընթացքում։ Փորձագետն ասում է, որ կիբեռբուլլիինգը, այսինքն՝ հալածանքը օնլայն հարթակներում, իրական երևույթ է։ Սակայն պետք չէ ուռճացնել դրա դերը։

«Սինի կիտի» շուրջ հիստերիան պետք է թարգել։ Փորձը ցույց է տալիս, որ ինքնասպանությունների մասին խոսելը անառողջ մթնոլորտ է ստեղծում միայն, դեպքերը դրանից չեն քչանում», - ասում է նա։

Նրա խոսքով՝ խաղը լայն տարածում է գտել «Նովայա Գազետայի» լրագրողների ռեպորտաժից հետո։

«Նովայա Գազետայի» լրագրողների անփույթ հետազոտության հետևանքով ստեղծվեց միֆ, մարդիկ սկսեցին տեղեկանալ, պատկերացնել, թե ինչ-որ այլմոլորակայիններ են ընկած իրենց երեխաների հետևից։ Իհարկե, կան ցնդած մարդիկ, բայց վտանգը չափազանցված է», - ասում է Մարտիրոսյանը։

Ինքնուս դպրոցականը համակարգչային մարտախաղ է ստեղծել

Փորձագետը ծնողներին խորհուրդ է տալիս անկեղծորեն, որպես ընկեր խոսել իրենց երեխաների հետ։ Պետք չէ ոչինչ արգելել, քանի որ դա ավելի է գրգռելու հետաքրքրությունը։ Երեխայի մոտ ճնշված վիճակ տեսնելու դեպքում հատկապես պետք է նրան հիշեցնել, որ ռեալ վտանգ չկա, նա ապահով է և կարող է պատմել ձեզ ամեն ինչ։

Մարտիրոսյանը նաև քննադատեց ոստիկանությանը՝ կիսատ-պռատ հաղորդագրություններ տարածելու պատճառով, որոնք կարող են կասկածների և ենթադրությունների տեղիք տալ։

Հիշեցնենք՝ հունվարի 31-ին փրկարարները գտել էին Հրազդանի կիրճում՝ ծառից կախված 15-ամյա Հրաչյա Ներսիսյանի դին։ Տղան «Hermitage» և «Baldinini» խանութների ցանցի սեփականատիրոջ որդին էր, նա շուրջ երկու օր որպես անհետ կորել էր։ ԶԼՄ-ում տեղեկություններ տարածվեցին, թե երեխայի ինքնասպանության պատճառը «Սինիյ կիտ» խաղն է եղել։ Խաղի մասնակցին ամեն օր խնդիրներ են առաջարկվում՝ նայել այսինչ ֆիլմը, լսել այսինչ երաժշտությունը, ամենավերջին առաջադրանքը ինքնասպան լինելն է։

Մուտացված մոդայիկ մանկություն. ինչպես «ռեզինն» ու «գործնագործը» փոխարինվեցին սմարթֆոնով