Բարդուղ Գաբրիելյանի տեղեկացմամբ` ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դեռ անցյալ տարի մշակել էր պիլոտային ծրագիր, սակայն փորձարարական այդ ծրագրով առաջարկվող կետերը, որոնք վերաբերում են սիգի որսը կանոնակարգելուն, եղել են միշտ։ Ըստ նրա` պիլոտային ծրագիրն, այնուամենայնիվ, ցանկալի արդյունք չտվեց։
«Նախարարությունը մեզ դիմել էր, որպեսզի մենք իրենց տայինք ժամանակացույց, թե երբ պետք է ձուկը որսան, ինչով որսան, ինչ չափի ձկներ պետք է որսան և ինչ քանակի, բայց իրենք նախ ժամանակացույցը չպահպանեցին, որսը կազմակերպեցին օգոստոսի վերջին, մինչդեռ դա պետք է սկսեին գարնանը, որովհետև մեր ժամանակացույցն ընդգրկում էր մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը»,– նշեց Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը։
Գաբրիելյանի խոսքով` նույնիսկ այդ պարագայում, երբ սկսեցին որսը, հետո փոխեցին որսաձկան քանակն ու երկարաձգեցին ժամկետն իրեն անհայտ հիմնավորումներով։ Ինստիտուտը միայն դեկտեմբերի 25-ին է նամակ ստացել առ այն, որ Գեղարքունիքի մարզպետարանի, «Սևան» ազգային պարկի, համապատասխան կառույցների, ոստիկանության մասնակցությամբ իրականացվել են ընդհանուր միջոցառումներ։
«Բայց ինչո՞ւ հենց դեկտեմբերի 25-ից, եթե նույնիսկ իրենց ներկայացրած ժամանակացույցի համաձայն` որսը պետք է իրականացվեր մինչև դեկտեմբերի 1-ը։ Այդ քսանհինգօրյա շրջանում, որը նախաձվադրային շրջանն է և լինում են մեծ կուտակումներ, պետք էր պահպանել պոպուլյացիան, որովհետև եթե չլինի նախաձվադրային շրջան, ապա դրանից հետո չի լինի նաև ձվադրային շրջան»,– նշեց Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը։
Գաբրիելյանի դիտարկմամբ` վերահսկող միջոցառումների շրջանակում միայն երկու օր շուկայում չի վաճառվել սիգ ձկնատեսակը, հետևաբար ո՞րն էր, ըստ նրա, պիլոտային ծրագրի նպատակը, երբ խախտվել են ժամկետները և ինստիտուտի առաջարկներից ոչ բոլորն են ընդունվել։
Առանց պայմանագրի սիգի որսն արգելվում է. ի՞նչ պետք է իմանա ձկնորսը