Հայտնի է` երբ կկայանա ՀՀ–ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը

Հստակեցվել է, թե որ գերատեսչությունների փորձագետներն են ընդգրկվել աշխատանքային ենթախմբերում, որոնց ստեղծման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik.Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

«Բարի գալուստ Ադրբեջան». ադրբեջանցիները ՀՀ ճանապարհին նոր ցուցանակ ու դրոշներ են տեղադրել

Փոխվարչապետների առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 30-ին Մոսկվայում։ Նիստի ընթացքում քննարկվել էին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումից բխող համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2021-ի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը: Կողմերը պայմանավորվել էին ստեղծել փորձագիտական ենթախմբեր, մինչև 2021 թվականի փետրվարի 2-ն ավարտել դրանց ձևավորումը և մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը անցկացնել ենթախմբի առաջին նիստերը։

Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնեցին, որ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով ենթախմբում հայկական կողմից ներգրավված կլինեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, պաշտպանության նախարարության, ԱԱԾ–ի և արտաքին գործերի նախարարության փորձագետները։

Փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով ենթախմբում ներգրավված կլինեն ՊԵԿ–ի, էկոնոմիկայի նախարարության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ԱԱԾ–ի և արտաքին գործերի նախարարության փորձագետները:

Եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ նիստը նույնպես անցկացվելու է Մոսկվայում։