Ծոմապահությունը օգնում է պայքարել քաղցկեղի դեմ. գիտնականները փորձեր են անում

Վերջին շրջանում պարբերական ծոմապահությունը դարձել է ավելորդ քաշի դեմ պայքարի շատ տարածված միջոց։ Գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այս մեթոդի օգտագործումը դրական արդյունքներ է տալիս նաև քաղցկեղի դեմ պայքարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Առնվազն 8 ժամով սնունդ ընդունելուց հրաժարվելը կարող է ոչ միայն օգնել նիհարել, այլև արգելակել քաղցկեղային բջիջների աճը: Այս մասին գրում է Nature ամսագիրը։

Ճապոնացի գիտնականները երիտասարդությունը վերադարձնելու միջոց են հայտնաբերել

Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները կրծողների վրա հետազոտություն են իրականացրել։ Կենդանիների մոտ հրահրել են կրծքի քաղցկեղի զարգացումը։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ութժամյա ծոմապահությունը բարձրացրել է մկների նյութափոխանակության արդյունավետությունն ու նպաստել ուռուցքի աճի դանդաղեցմանը:

Նման հետազոտություններ իրականացրել են նաև մարդկանց  մասնակցությամբ՝ Ռամադան ամսվա (Իսլամական օրացույցի 9-րդ ամիսը: Այն համարվում է մուսուլմանական աշխարհի պահքի ամիսը)ընթացքում հետևելով նրանց օրգանիզմի ցուցանիշներին։ Այդ ժամանակահատվածում պարբերական ծոմապահությունը նպաստել է նրանց օրգանիզմում մի շարք կարգավորող սպիտակուցների արտադրությանը, որոնք անհրաժեշտ են քաղցկեղի, շաքարախտի, մետաբոլիկ համախտանիշի և այլ հիվանդությունների կանխարգելման համար:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Տեխասի A&M համալսարանի գիտնականներն առաջարկել էին դիաբետի դեմ պայքարել երկարատև դիետա պահելու միջոցով: