ՌԴ խաղաղապահների մուտքը Ղարաբաղ կայունացրել է իրավիճակը Հարավային Կովկասում. Զաս

Ձեռք բերված պայմանավորվածությունները, ըստ Զասի, անհրաժեշտ պայմաններ են ստեղծում Արցախի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ կարգավորման համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ռուս խաղաղապահների տեղակայումը կայունացրել է իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը առցանց ճեպազրույցի ընթացքում:

ՀԱՊԿ–ի համար կովկասյան տարածաշրջանում գլխավոր մարտահրավերը դարձան Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները: Սա վերջին ժամանակներում հետխորհրդային տարածքում ամենածավալուն ու արյունալի բախումն էր՝ կողմերի մոտ առկա ծանր սպառազինության, համազարկային համալիրների, տանկերի, ավիացիայի ու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

«Ինչպես գիտեք` Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվել է կանգնեցնել արյունահեղությունը և կանխել ավելի մեծ ողբերգությունը։ Հրադադարը և ռուս խաղաղապահների մուտքը Ղարաբաղ կայունացրել են իրավիճակը հակամարտության գոտում և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում»,- ասել է Զասը։

Նրա խոսքով` ձեռք բերված պայմանավորվածություններն անհրաժեշտ պայմաններ են ստեղծում Արցախի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ ու լիարժեք կարգավորման համար:

Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին, ու մեխանիզմը չի գործարկվել. Զասը՝ Երևանին օգնելու մասին

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են