«Պատրոն Դավոն» պատասխանել է ԱԱԾ–ին

«Պատրոն Դավոն» նշել է, որ նախաքննության այս փուլում զերծ կմնա քրեական գործի անհիմն լինելու վերաբերյալ մանրամասները հրապարակային ներկայացնելուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՊՆ–ին անորակ զենք մատակարարելու գործով ԱԱԾ–ի կողմից ձերբակալված Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է փետրվարի 1-ին ԱԱԾ–ի տարածած հաղորդագրության մեջ բերված փաստերին։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործով առկա տեղեկությունները պարունակում են ոչ միայն նախաքննական, այլև պետական գաղտնիքներ, այս պահին ձեռնպահ ենք մնում հրապարակային ներկայացնել քրեական գործին վերաբերող մի շարք հանգամանքներ, որոնց լուսաբանումը կբացահայտեր քրեական գործ հարուցելու և ինձ մեղադրանք ներկայացնելու իրական շարժառիթները»,– նշված է հայտարարության մեջ։

Գալստյանը կարծիք է հայտնում նաև, որ իր նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակը հանրության շրջանում ավելի մեծ մտահոգություն և հուզական հոգեվիճակ առաջացնելն է։

Իշխանությունը մեղավորներ է նշանակում. ով և ինչու է հիշել «Պատրոն Դավիթի» անորակ զենքերը

Ինչ վերաբերւմ է ԱԱԾ հաղորդագրությն մեջ հիշատակված` ՊՆ-ին մատակարարված զինամթերքին, ապա Գալստյանն ուշադրությւն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ, ըստ հաղորդագրության, այն եղել է 1977 թվականի արտադրության, ինչը հակասում է պայմանագրին։

«Իրականում 1977 թվականը հանդիսանում է տվյալ տեսակի զինամթերքի սերիական արտադրության սկզբնաժամկետը, այլ ոչ թե մատակարված ապրանքի արտադրության ժամկետը»,– պարզաբանում է նա` ենթադրելով, որ այդ կերպ ԱԱԾ–ն կամ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերել կամ փորձ է արել խեղաթյուրել իրականությունը և ստեղծել պատրանք, որ զինված ուժերին խարդախության միջոցով մատակարարվել է 70-ական թվականների արտադրության զինամթերք։

«Պատրոն Դավոյի» նկատմամբ քրեական գործեր կան, պետք է ուրախանանք. Անդրանիկ Քոչարյան

Ըստ նրա` իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի ապացույցները խոստանում է ներկայացնել ապագայում։

Իսկ ավելի մանրամասն Գալստյանը խոստանում է հրապարակային խոսել` իրեն կալանավորելու վերաբերյալ միջնորդության դատական քննությունից հետո։

Հիշեցնենք` ՀՀ ԱԱԾ–ն փետրվարի 1-ին հայտարարել էր, որ արտերկրում գրանցված Mosston Engineering ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ), նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի ընթացքում, ՊՆ–ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ–ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ,բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել: