ՄԱԿ-ը մոտ 2 միլիոն դոլար օգնություն է տրամադրել Հայաստանում ապաստանած արցախցիներին

44 օր տևած պատերազմի ընթացքում ավելի քան 90 000 մարդ` հիմնականում կանայք և երեխաներ, տեղահանվել էին Հայաստան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ ՄԱԿ-ը 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն է տրամադրել՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտության արդյունքում Հայաստանում ապաստանած մարդկանց կենսական նշանակություն ունեցող մարդասիրական աջակցություն հասցնելու համար: Տեղեկությունը հայտնում է ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի կայքէջը։

«Այս միջոցներն անմիջապես կաջակցեն նախորդ շաբաթ հրապարակված Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրին, որում ներկայացված են ՄԱԿ-ի և հումանիտար գործընկերների ռեսուրսների կարիքները`տեղահանված և ընդունող համայնքների առաջնային կարիքները բավարարելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տունը կորցրած արցախցիների ժամանակավոր զբաղվածության հարցը կլուծվի

44 օր տևած պատերազմի ընթացքում ավելի քան 90 000 մարդ` հիմնականում կանայք և երեխաներ, տեղահանվել էին Հայաստան:

ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի (CERF) կողմից ֆինանսավորումը կօգնի առաջնահերթ օգնություն տրամադրել փախստականների կարգավիճակում գտնվող անձանց և ընդունող համայնքներին: ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության միջոցով տրամադրվող աջակցությունը կապահովի, որ երեխաներին հասանելի լինեն այնպիսի ծառայությունները, ինչպիսիք են դպրոցները, սոցիալ-հոգեբանական աջակցությունն ու առողջապահական առաջնային ծառայությունները, ինչպես նաև՝ ձմեռելու համար անհրաժեշտ ապաստարաններն ու ոչ պարենային ապրանքները: Աջակցման տրամադրման ժամանակ առաջնահերթություն կտրվի կանանց, երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց:

Բնակարանաշինություն, նոր աշխատատեղեր. Սփյուռքը պատրաստ է օգնել արցախցիներին

Ծրագիրը ընդլայնում է հակամարտության հենց սկզբից տրամադրվող աջակցությունը: 2020 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերները տրամադրել են 33,330 ոչ պարենային ապրանք, այդ թվում՝ անկողնային իրեր, սրբիչներ, հիգիենայի պարագաներ և կենցաղային իրեր, 1,000 ծալովի մահճակալ, սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրել կանանց և երեխաներին, ինչպես նաև վճարել են ապաստարանի դեր կատարած 64 օբյեկտի կոմունալ ծախսերը: Աջակցություն է ցուցաբերվել նաև 11,500 երեխայի, ովքեր ներկայում սովորում են Հայաստանի նախակրթարաններում և դպրոցներում: Բացի այդ, մի շարք այլ միջոցառումների հետ մեկտեղ, յուրաքանչյուր ամիս հարյուրավոր տոննա պարենային օգնություն է տրամադրվում շուրջ 18,000 մարդու: