ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ԵԽԽՎ բյուրոն հայաստանյան խորհրդարանական պատվիրակությանը խոստացել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարցին անդրադառնալ առանձին զեկույցով։
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտնեցին պատվիրակության անդամները` ներկայացնելով գերիների վերադարձի հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգում ներառելու իրենց ջանքերը, որոնք մնացին անարդյունք։
Փոխարենը եվրոպական խորհրդարանականներն իրենց աշխատանքային օրը նվիրեցին ռուս քաղաքական ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու ազատազրկման խնդրի քննարկմանը։
«Մենք այնտեղ կատեգորիկ ենք դրել այդ հարցը։ Մենք դեմ չենք քաղաքական կամ ոչ քաղաքական մարդու ազատ արձակմանը, բայց ես այնտեղ ներկայացրի, որ Նավալնին ընդամենը մեկ բանտարկյալ է։ Ընդ որում, ինքն իր Facebook-ում նշել է, որ իր պայմաններն այնքան էլ վատը չեն։ Իսկ մենք ասում ենք` այնտեղ կան հարյուրավոր երիտասարդ մարդիկ, որոնց ճակատագիրն անհայտ է»,– ասաց պատվիրակության անդամ, Աժ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։
Թաթոյանը ՌԴ դեսպանի հետ խոսել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հրատապության մասին
Նա նաև վստահեցրեց, որ ԵԽԽՎ բյուրոյում հայաստանյան պատվիրակության այս դիտարկմանը բոլորը համաձայնել են, ափսոսանք հայտնել, բայց հարցն օրկարգում չեն ներառել։
Ի դեպ, իշխանական խմբակցության պատգամավորը սրանում տեսնում է նաև հայաստանյան մամուլի մեղավորությունը։
Նրա խոսքով` ՀՀ–ից Եվրոպա հասնող տեղեկատվական հոսքերն ավելի շատ քաղաքական իրավիճակի մասին են, քան գերիների հարցի հրատապության։
«Այն ալիքը, որը գալիս է Հայաստանից, ես կասեի` նույնիսկ ալիք չէ, այլ ապատեղեկատվական ցունամին, լրիվ այլ տեղեկություններ է հասցնում այնտեղ։ Եվ պատկերացրեք, որ գերիների հարցն այդ աղմուկի մեջ կորչում էր, և մարդիկ մեզ ուրիշ հարցեր էին տալիս, հարցնում էին քաղաքական իրավիճակից, նոր ընտրություններից և այլն»,– լրագրողների ասաց Իգիթյանը։
Հիշեցնենք` հունվարի 26-ին հայաստանցի պատգամավորները Ստրասբուրգում հանդիպումներ են ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ։
Երկու պաշտոնյաներն էլ հավաստիացրել են, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրի հարցը, ինչպես նաև Ադրբեջանում հայատյացության դրսևորումները պահելու են իրենց ուշադրության կենտրոնում։
ԵԽ և ԵԽԽՎ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև նրանց` Արցախ այցելության հարցը։
ԵՄ-ն Ադրբեջանին հորդորում է անհապաղ վերադարձնել 57 հայ գերիներին