ՀՀ ստորաբաժանումները վերջին տարիներին պատրաստականության բարձր մակարդակ են ցուցադրել․ Զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ոչ կոռեկտ է համարում ՀՀ Զինված ուժերի ներկայիս վիճակին գնահատական տալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները վերջին տարիների վարժանքների ժամանակ բավականին բարձր պատրաստականություն են ցուցաբերել։ Տեղեկությունը հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ առցանց ճեպազրույցի ընթացքում պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին:

Զասի խոսքով՝ իր կողմից կոռեկտ չի լինի գնահատել հայկական բանակի մարտունակությունը հիմա՝ Ղարաբաղյան պատերազմից հետո։ Դա պետք է անի ՀՀ ԶՈւ գլխավոր հրամանատարը։

Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին, ու մեխանիզմը չի գործարկվել. Զասը՝ Երևանին օգնելու մասին

«Միաժամանակ, վերջին տարիների ընթացքում մեր բոլոր միջոցառումների (առաջին հերթին՝ զորավարժությունների) ժամանակ հայկական ստորաբաժանումները բավական բարձր մակարդակի ռազմական պատրաստականություն են ցուցաբերել», - ասել է Զասը:

Ընդ որում, ըստ նրա, հայկական զինված ուժերը հավաքական պաշտպանական ուժերի մի մասն են: Չնայած այս հակամարտությանը, դա չի ազդել ընդհանուր առմամբ հավաքական պաշտպանական ուժերի մարտունակության վրա։

Ամեն տարի այդ ուժերն ավելի են ամրապնդվում, դրանք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով, պատրաստ են լուծել իրենց առջև դրված խնդիրները:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՌԴ խաղաղապահների մուտքը Ղարաբաղ կայունացրել է իրավիճակը Հարավային Կովկասում. Զաս

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։