ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik,Արամ Գարեգինյան․ Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով բարձրացնելու մասին: Մեկուկես ամիս առաջ՝ դեկտեմբերի 15-ին, ԿԲ-ն մեկ տոկոսային կետով էր բարձրացրել տոկոսադրույքը։ Այսպիսով, ընդհանուր առմամբ փոխարժեքը բարձրացել է 4,25%-ից մինչև 5,5%:
Ինչպե՞ս է ԿԲ-ի դրույքն ազդում բանկային վարկերի վրա
Վերաֆինանսավորման տոկոսադրույքով հայաստանյան առևտրային բանկերը վարկեր են վերցնում Կենտրոնական բանկից։ Որքան ցածր տոկոսով, այնքան, բնականաբար, ավելի ցածր է նաև տոկոսը շուկայում։ Այս փոխկապակցվածությունն այնքան էլ խիստ չէ (այսինքն՝ ոչ «մեկը մեկին»), քանի որ բանկերը հիմնականում ԿԲ-ից կարճաժամկետ փոխառություններ են վերցնում (ռեպո-գործարքների տեսքով)։
Սակայն շուկայում որոշակի ազդեցություն վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այնուամենայնիվ, ունի։ Մանավանդ որ հիմա բանկերը սկսել են ավելի հաճախ դիմել Կենտրոնական բանկին փող ստանալու համար։ Նոյեմբերին (դեկտեմբեր ամսվա տվյալները դեռ չկան) ռեպո-գործարքների ծավալը սեպտեմբերի համեմատ աճել է մեկուկես անգամ: Բանկերը պետք է շտկեն իրենց հաշվեկշիռները, քանի որ վարկերի չվճարումները մասամբ աճել են (պայմանավորված կորոնավիրուսային մեկուսացմամբ, ապա՝ ռազմական գործողություններով)։ ԿԲ-ի գնահատմամբ՝ չաշխատող վարկերի մասնաբաժինը կարող է աճել մինչև 10 տոկոս:
Դրա հետ մեկտեղ ավելանում է նաև գնաճը. եթե տարվա ընթացքում այն չի գերազանցել 2 տոկոսը, ապա դեկտեմբերին այն աճել է միանգամից մինչև 3,7 տոկոս (նախորդ տարվա նույն ամսվա համեմատ): Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ սկսել է աճել դոլարի փոխարժեքը (ինչ-ինչ պատճառներով, որոնց մասին կխոսենք ստորև):
Ով է մեղավոր, կամ Հայաստանում դեղերի գնի սովորական աճը
Հիմա, ըստ Կենտրոնական բանկի մտահղացման, վերաֆինասնավորման նոր դրույքը կավելացնի վարկերի արժեքը, և ավելի քիչ նոր վարկեր կվերցնեն։ Այսպիսով, կկրճատվի ապրանքների և ծառայությունների պահանջարկը, և ընդհանուր գնաճը կզսպվի։
Իսկ ինչո՞ւ են ապրանքները թանկացել
Հայաստանում առաջին անհրաժեշտության շատ ապրանքների գներ կախված են դոլարի փոխարժեքից, ուստի քանի դեռ այն բարձր է, թանկացման ռիսկերը պահպանվում են։ Հայաստանը ներկրում է կարագն ու շաքարավազը, ալյուրի մեծ մասը, իսկ տեղական թռչնաբուծարանի և կաթնամթերք արտադրողների վրա ազդում է գազի արժեքը, որի սակագինը ձեռնարկությունների համար հաշվարկվում է ըստ դոլարի։
Կենտրոնական բանկը փորձում է կանխել հետագա գնաճը. Բագրատ Ասատրյանը` վերջին որոշման մասին
Իհարկե, Կենտրոնական բանկը չի կարող ուղղակի ազդեցություն ունենալ ապրանքի գնաճի վրա (Հայաստանում վարչական գներ չեն հաստատվում)։ Բայց շատ հարցերում դրա վրա կարող են ազդեցություն ունենալ իրենք՝ քաղաքացիները։
Ի՞նչ կարող ենք անել
ԿԲ-ն բազմիցս ընդգծել և հիմնավորել է. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում գները սկսել են աճել հիմնականում արտարժույթի շուկայում իրարանցման պատճառով (քաղաքացիները սկսել են դրամն ակտիվորեն փոխել դոլարով)։ Արդյունքում բարձրացել է ամերիկյան արժույթի պահանջարկը, ինչն էլ հանգեցրել է դրա փոխարժեքի բարձրացմանը։ Համապատասխանաբար, թանկացել են ներմուծվող ապրանքները, որոնք գնվում են դոլարով։
Ընդ որում՝ Հայաստանում դոլարի փոխարժեքն ազդում է նաև ռուբլու փոխարժեքի վրա, քանի որ հայկական «դրամ-ռուբլի» հարաբերակցությունը հաշվարկվում է ռուսական «ռուբլի-դոլար» փոխարժեքի մասնակցությամբ։
Որքան են բարձրացել գները Հայաստանում
Բայց խնդիրն այն է, որ դոլարի փոխարժեքի աճի համար օբյեկտիվ պատճառներ չեն եղել (հակառակը՝ 2020թ․-ի հունվար-հոկտեմբերին ապրանքների ներմուծումը հանրապետություն կրճատվել է գրեթե 15 տոկոսով, այսինքն՝ դոլարի պահանջարկը նվազել է)։ Այդ պահանջարկն աճել է իրարանցման պատճառով, և երբ այն անցնի, դոլարի փոխարժեքն էլ կիջնի։
Ուստի Կենտրոնական բանկը բիզնեսին և քաղաքացիներին կոչ է անում առանց օբյեկտիվ անհրաժեշտության արտարժույթ չգնել, ինչպես նաև չհիմնավորված արտարժութային վարկեր չվերցնել. եթե վարկառուի թե եկամուտները, թե ձեռք բերվող ապրանքը (օրինակ՝ բնակարանը) արտահայտված են դրամով, ապա վարկն էլ ավելի լավ է վերցնել դրամով: Դա կօգնի նվազեցնել դոլարի փոխարժեքը երկրում, իսկ դրա հետ մեկտեղ՝ ապրանքների գները։