Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը․ Ռուբեն Ռուբինյան

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը կարևոր է համարում միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա՝ գերիների վերադարձի հարցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ Նա նաև ամփոփել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքի արդյունքները։ Ռուբինյանը նշել է, որ պատվիրակությունը չի ձախողել հայ գերիների վերադարձի հարցը. նպատակն այն քննարկման առարկա դարձնել է եղել։

Իգիթյանը կարծում է` նաև հայկական ԶԼՄ–ներն են մեղավոր, որ գերիների հարցը ԵԽԽՎ–ում անտեսվեց

Ավելի վաղ հայկական պատվիրակությունը բարձրացրել էր «Հայ ռազմագերիներին և Ադրբեջանի իշխանության կողմից գերեվարված այլ գերիներին հայրենիք վերադարձնելու անհիմն ուշացման հարցը՝ որպես մարդու իրավունքների ոլորտում Եվրոպական միջազգային չափանիշների խախտում» հարցը: Սակայն ԵԽԽՎ բյուրոն հավանություն չէր տվել դրան՝ բավարարելով ադրբեջանական պատվիրակության հայտը։

«Հայկական պատվիրակությունը նպատակ էր դրել ռազմագերիների հարցը դարձնել ԵԽԽՎ-ում քննարկման թեմա բոլոր հնարավոր մակարդակներում՝ հանձնաժողովներում, քաղաքական խմբերում, բյուրոյում, լիագումար նիստում: Եվ կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է»,-ասաց նա:

«Բարի գալուստ Ադրբեջան». ադրբեջանցիները ՀՀ ճանապարհին նոր ցուցանակ ու դրոշներ են տեղադրել

Նա ընդգծել է՝ այս փուլում ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, որ հարցը լուծված է և սպառված, հայկական պատվիրակությունը, ընդհակառակը, ցույց տվեց, որ կան հարցեր, որոնք լուծված չեն, և Բաքուն խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետը:

Նրա խոսքով` այս համատեքստում որքան շատ լինեն դիմումներն Ադրբեջանին միջազգային հանրությունից, ԵՄ կամ ԵԽԽՎ ամբիոններից կամ ցանկացած այլ կառույցից, այնքան լավ: Նա նշել է, որ սա իր որոշակի ազդեցությունն ունի ու հավելել է, որ արդեն արձանագրվել են գերիների հարցով Ադրբեջանի վրա միջազգային ճնշման առաջին դեպքերը։

Հիշեցնենք՝ հունվարի 25-ին Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցը բարձրացվել էր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի առաջ ԵԽԽՎ-ում Եվրոպայի ժողովրդական կուսակցության խոշորագույն խմբակցության ղեկավար, լեհ պատգամավոր Ալեքսանդր Պոչեյի և «Լիբերալների ու դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի» կուսակցության ֆրանսիացի պատգամավոր Ժակ Մերի կողմից։

Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի