Հայաստանի, Ֆրանսիայի Լիոն քաղաքի ու Արցախի հիվանդանոցների միջև ուղիղ կապ կհաստատվի

ՀՀ առողջապահության նախարարը շեշտել է, որ այժմ կարևորագույն խնդիր է Հայաստան ժամանակավորապես տեղափոխված արցախցիների հայրենիք վերադարձը, որի համար անհրաժեշտ է ապահովել Արցախի առողջապահական համակարգի անխափան աշխատանքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գևորգ (Ժորժ) Քեփենեկյանի և «Մերիո» հիմնադրամի Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի պատասխանատու Քելիլ Այթուի հետ: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

143 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը հստակեցրել են առողջապահական ներկայիս կարիքները և քննարկել Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցության ուղղությունները` հատուկ ուշադրություն դարձնելով Արցախում վերականգնողական ծառայությունների տրամադրման հարցին, ինչպես նաև Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի վերականգնմանն ուղղված աշխատանքներին:

«Նախատեսվում է ուղիղ կապ ստեղծել Հայաստանի, Ֆրանսիայի Լիոն քաղաքի և Արցախի հիվանդանոցների միջև, որի շրջանակում կանցկացվեն բժիշկների և բուժքույրերի վերապատրաստման դասընթացներ, կիրականացվեն փորձի փոխանակման ծրագրեր»,–նշված է հաղորդագրության մեջ:

ԱՆ նախարարը շեշտել է, որ ներկայումս կարևորագույն խնդիր է Հայաստան ժամանակավորապես տեղափոխված արցախցիների հայրենիք վերադարձը, որի համար անհրաժեշտ է ապահովել Արցախի առողջապահական համակարգի անխափան աշխատանքը:

Ավանեսյանը վստահ է, որ խնդրի լուծումը կարող է դառնալ վերանորոգված բժշկական կենտրոնների և դրանցում սարքավորումների առկայությունը, բուժաշխատողների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը։

Առողջապահության նախարարն ավելի վաղ ընդունել էր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:

Հյուրերը նախարարի հետ քննարկել էին ՄԱԿ-ի կառույցների հետ առողջապահության բնագավառում համագործակցության, ինչպես նաև հետագա անելիքների վերաբերյալ հարցերը: