Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի

Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. ՀՀ կառավարությունը փետրվարի 1-ին միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Տեղեկությունը հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

Լիբանանահայ կինը գնացել է Շուշիից իրերը վերցնելու, նրան գերի են վերցրել. ՄԻԵԴ–ը հաստատել է

Գանգատում, մասնավորապես, ՀՀ կառավարությունը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:

Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ: Բարձրացված է նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց, Արցախի տեղահանված բնակչության, զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց, նրանց հարազատների, սեփականությունը կորցրածների, տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության մի շարք հարցեր։

Հատկանշական է, որ սա Եվրոպական դատարան ՀՀ-ի կողմից ներկայացվող առաջին միջպետական գանգատն է:

Առաջիկայում Եվրոպական դատարան են ուղարկվելու արդեն իսկ ներկայացված պահանջները հիմնավորող լրացուցիչ մեծածավալ ապացույցներ:

Իրենց ունեցվածքը կորցրած արցախցիները կարող են դիմել ՄԻԵԴ. Բեգլարյան