ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Փետրվարի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն: Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Նախնական տվյալներով` նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամ պահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ փետրվարի մեկի տվյալներով` հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն:
Որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի շրջանի ուղղությամբ:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը