Էրմիտաժի նշանավոր տնօրենը, կամ ինչպես Հովսեփ Օրբելին «ծռեց» թուրքական յաթաղանը

Օրբելին հասկանում էր, որ մշակութային հայտնագործություններն ու ցուցադրությունը թուրքական յաթաղանից ավելի հզոր զենքեր են։ Ու նա հաղթեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 2-ին, լրանում է Հովսեփ Օրբելիի մահվան 60-րդ տարելիցը։ Նա արևելագետ էր, Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի առաջին նախագահն ու մի քանի երկրների ակադեմիաների իսկական անդամ, 1934-ից 1951 թվականներին՝ Պետական Էրմիտաժի տնօրեն։ Sputnik Արմենիան ներկայացնում է անվանի գիտնականի կենսագրության վառ էջերը։

Ճանապարհի սկիզբը

Օրբելիները գիտության և մշակույթի ոլորտի գործիչների տոհմ է, որը հայտնի է XII դարից։ Ընտանիքի մի քանի սերունդ ապրել է Ռուսական կայսրությունում և ԽՍՀՄ-ում։

Այդ տոհմի վառ ներկայացուցիչներից Հովսեփ Օրբելին ծնվել է 1887  թվականի մարտի 20-ին (8)։ Միխայիլ Պիատրովսկին ասում էր, որ նա «օրինակելի հայ-ռուսական գիտնական է»։

Էրմիտաժի նշանավոր տնօրենը, կամ ինչպես Հովսեփ Օրբելին «ծռեց» թուրքական յաթաղանը

Օրբելու հիմնական ուսումնասիրությունները նվիրված են կովկասագիտությանը, Մերձավոր Արևելքի միջնադարյան մշակույթի պատմությանը։ Նա պեղումներ է իրականացրել Վանա լճի շրջանում։ Օրբելու մի շարք աշխատանքներ նվիրված են միջնադարյան մշակույթին, հայկական էպիգրաֆիկային, ժողովրդական էպոսին, քրդերենին, Հայաստանի և Վրաստանի ճարտարապետությանը: Գիտնականը նաև խորհրդային կովկասագետների դպրոց է ստեղծել։

Ուսանողական տարիներից Օրբելին մասնակցել է Թուրքիայի տարածքում գտնվող Անի հնագույն քաղաքի հնագիտական պեղումներին: Տարածքն այն ժամանակ Ռուսական կայսրության կազմի մեջ էր մտնում։

Անիի պեղումները շարունակվել են մինչև 1917 թվականը, իսկ հաջորդ տարի հայկական հնագույն մայրաքաղաքն անցել է Օսմանյան կայսրությանը։ Հնագետ Ավետիս Քալանթարի ղեկավարությամբ մինչև թուրքական բանակի գալը հասցրել են դուրս բերել և փրկել ավելի քան 6 հազար հնագիտական ցուցանմուշներ, որոնք ավելի ուշ Օրբելու առաջարկով փոխանցվել են Հայաստանի պատմության թանգարանին:

Հետագայում թուրքերը վերացրել են Անիի տարածքում մնացած հնագիտական արժեք ներկայացնող բոլոր իրերը։

Հայկական խորամանկությունն ու Ստալինին ուղղված նամակը

Զբաղեցնելով Էրմիտաժի տնօրենի տեղակալի պաշտոնը՝ Օրբելին բոլոր հնարավոր միջոցներով փորձել է պահպանել Էրմիտաժի գլուխգործոցները, որ դրանք չհայտնվեն միջազգային աճուրդներում։ Այդ տարիներին կար «Անտիկվարիատ» կառույցը, որը ստեղծվել էր դեռևս քսանական թվականներին՝ հատուկ խորհրդային թանգարաններից արվեստի գործեր ընտրելու և դրանք արտասահմանում վաճառելու համար։

Եվս մի Օրբելի. ինչպես էր Հովսեփի եղբայրը փրկում երկրի գենետիկան

Միայն Էրմիտաժից արտասահման արտահանելու համար այդ կազմակերպությունն ընտրել էր 2880 նկար, որոնցից 59-ը համաշխարհային գլուխգործոցներ էին։ Դրանցից մի քանիսը չեն վաճառվել ու վերադարձել են Էրմիտաժ, սակայն աշխարհահռչակ նկարիչների 48 ստեղծագործություններ ընդմիշտ լքել են Ռուսաստանը։ «Անտիկվարիատը» վաճառել է նիդեռլանդական և ֆլամանդական գեղանկարչության ու դրամագիտական հավաքածուներ, գեղարվեստական արծաթ, բրոնզ և այլն:

1932 թվականի հոկտեմբերին Օրբելին որոշում է նամակ գրել անձամբ Ստալինին։ Նամակում նա ահազանգում է Էրմիտաժին սպառնացող «Անտիկվարիատի» գործունեության մասին, հայտնում է, որ այդ կազմակերպության հայտերի տակ է ընկնում նաև Արևելքի բաժինն ու զգուշացնում է, որ դա կարող է անդառնալի վնաս հասցնել ողջ թանգարանային գործին:

Եվ ահա ինչպիսինն էր առաջնորդի պատասխանը. «Հարգելի ընկեր Օրբելի։ Ձեր նամակը ստացել եմ։ Ստուգումը ցույց է տվել, որ «Անտիկվարիատի» հայտերը հիմնավորված չեն։ Այդ կապակցությամբ համապատասխան ատյանը պարտավորեցրել է Նարկոմվնեշտորգին ու դրա արտահանման մարմիններին՝ ձեռք չտալ Էրմիտաժի Արևելքի հատվածը։ Կարծում եմ՝ հարցը կարելի է համարել սպառված»։

Այս նամակից հետո «Անտիկավարիատի» բարբարոսական գործունեությունը թանգարանում սահմանափակվել է։ Արևմտաեվրոպական գլուխգործոցների փրկության համար թանգարանի աշխատակիցները խորամանկության դիմեցին ու դրանք կցեցին Արևելքի բաժնին, քանի որ նամակում միայն այդ բաժինն էր հիշատակվում։

Ինչպես է Օրբելին փրկել Էրմիտաժի ազնվականներին

1934 թվականին Օրբելին նշանակվեց երկրի գլխավոր թանգարանի՝ Պետական Էրմիտաժի տնօրեն, իսկ 1935 թվականին ընտրվեց ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։

Հետաքրքրական է, որ ստալինյան բռնաճնշումների թեժ պահին նա հրաման է ստացել ՆԳՎ-ից տրամադրել ազնվական ծագում ունեցող աշխատակիցների ցուցակը։ Օրբելին կազմել է այն, սակայն ցուցակում առաջինը գրել է իր ազգանունը։ Դրանից հետո Էրմիտաժը հանգիստ թողեցին։

Ելույթը Նյուրնբերգում

Հովսեփ Օրբելին իր ելույթներից մեկին պատրաստվել է որպես կյանքի կարևորագույն իրադարձության։ Դա ելույթն էր Նյուրնբերգյան դատավարությունում՝ 1946 թվականին։

Էրմիտաժը, որի անունից նա որպես տնօրեն պետք է ելույթ ունենար, Օրբելիի գիտակցության մեջ համեմատվում էր համաշխարհային մշակույթի անվերադարձ կորած, ոչնչացված անգին նմուշների հետ։ Եվ նա այնպես ելույթ ունեցավ, ինչպես երբևէ կյանքում։

Ուժասպառ սովի սարսափելի ճռռոցը, կամ ինչպես էին գերմանացիներից թաքցնում Էրմիտաժի գանձերը

Երբ նա պատմում էր Էրմիտաժի ռմբակոծությունների մասին, Գյորինգի և այլ նացիստների փաստաբանները փորձում էին նրա ճառի մեջ խոցելի տեղեր գտնել։ Փաստաբանները հետաքրքրվում էին՝ որքան լավ է նա տիրապետում հրետազորի նրբություններին, որպեսզի խոսի հրետակոծությունների միտումնավորության մասին։

«Ես երբեք հրետանավոր չեմ եղել, սակայն Էրմիտաժի վրա երեսուն արկ է ընկել, իսկ դրա կողքի կամրջի վրա`միայն մեկ։ Ակնհայտ է, որ Էրմիտաժը որպես թիրախ է ընտրված եղել։ Այդ սահմաններում ես հրետանավոր եմ», — պատասխանել է Օրբելին, և նրան այլևս հնարավոր չի եղել հակաճառել։

Իսկ դրանից երեք տասնամյակ առաջ հայտնի հայկական տոհմի ժառանգ Օրբելին (քահանա Աբգար Օրբելիի ու իշխանուհի Վարվառա Արգունտինսկայա-Դոլգորուկայայի որդին էր), մեծ դժկամությամբ ռուսական բանակի հետ լքել էր Վանը, որտեղ պեղումներ էր իրականացնում։ Դա նրա համար սգո օր էր, քանի որ տասը դաշտային սեզոնների ընթացքում իր ուսուցիչ Նիկողայոս Մառի հետ տարբեր մշակույթների, առաջին հերթին` հայկական մշակութային շերտի պեղումներով էր զբաղվում։

Օրբելին վաղուց էր հասկացել, որ թուրքական իշխանությունները Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում մտածված ոչնչացնում են այլ ազգերի մշակութային հուշարձանները։ Արևմուտքում ոչնչացվում էր հունական ամեն ինչը, արևելքում` հայկականը, ու քանի որ թուրքերը երբեք իրենց հուշարձանները չեն ունեցել, ապա ոչնչացումը համատարած բնույթ էր կրում։

Մի օր թուրք, մի օր՝ աղվանացի, մի օր էլ… Ադրբեջանում փնտրտուքների մեջ են, չեն կողմնորոշվում

Եվ այդ ժամանակ Հովսեփ Օրբելին, որը կյանքում ձեռքում զենք չէր բռնել և չէր պատերազմել, գիտակցեց, որ ինքն էլ է պատերազմում։ Նա գիտակցեց, որ մշակութային ժառանգության (լինի դա հունական, հայկական կամ որևէ այլ ժողովրդի) հայտնաբերումն ու ցուցադրումը թուրքական յաթաղանից ավելի հզոր զենք է։

Ու նա հաղթեց՝ 1945 թվականին Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշանի արժանանալով։

...Այսօր Սանկտ Պետերբուրգի փողոցներից մեկը կրում է գիտնականի անունը, իսկ գիտական հաստատությունների շենքերում, որտեղ նա աշխատել է, նրա պատվին հուշատախտակներ են փակցվել:

...Մեծ գիտնականի պատվին հուշատախտակ է տեղադրվել նաև Երեւանում ՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայում: