Էրդողանի մամուլի քարտուղարն ու Բայդենի խորհրդականը քննարկել են արցախյան խնդիրը

Կողմերն արտահայտել են երկու երկրների միջև ամուր, երկարաժամկետ և կառուցողական հարաբերություններ հաստատելու ձգտումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, հաղորդում է Anadolu-ն:

Բեղլոյանի հակասական մտքերը, կամ ինչ նպատակ է հետապնդում Թուրքիան նման հարթակներ ստեղծելով

Նշվում է, որ կողմերը քննարկել են ամերիկա-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, Կիպրոսում, Աֆղանստանում, Արցախում տիրող իրավիճակը, համաճարակի եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարը:

Քալընը և Սալիվանը ցանկություն են հայտնել երկու երկրների միջև ամուր, երկարաժամկետ ու կառուցողական հարաբերություններ հաստատել: Նրանք համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ուժեղացնել ՆԱՏՕ-ն և քայլեր ձեռնարկել տարածաշրջանային և գլոբալ խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Թուրքիան և ԱՄՆ-ն համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել, որը կուսումնասիրի Անկարայի կողմից ռուսական C-400 համալիրների ձեռքբերման թեմայով ծագած խնդիրները։ Նշենք, որ C-400 համալիրների ձեռքբերումը 2 երկրների տարաձայնության հիմնական թեման է։