Առաջին ատյանի դատավորների թիվը կավելանա 17-ով. ինչպես են նրանք ընտրվելու

Տարիներ շարունակ Հայաստանում քննարկվել է դատավորների հաստիքների ավելացման հարցը, որպեսզի դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Առաջին ատյանի դատարանի դատավորների թիվը կավելանա 17-ով, որոնցից 8-ը կլինեն Երևանում։ Այս մասին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս ասաց հարցի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Գեղեցիկ, երիտասարդ կին եք. Յուրի Խաչատուրովը դատավորին խորհուրդ տվեց նայել հայելու մեջ

«Տարիներ շարունակ Հայաստանում քննարկվել է, որ պետք է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և քրեական գործերի քննության ինստիտուտներն իրարից տարանջատել։ Կառավարությունը նախաձեռնել է ունենալ ենթամասնագիտացում, որպեսզի գործերի քննությունը լինի առավել արդյունավետ, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևանա։ Հետևաբար, որոշել ենք օրենքում փոփոխություններ կատարել», – ասաց Բադասյանը։

Համաձայն նախագծի` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, ինչպես նաև վերաքննիչ քրեական դատարանի դատավորների հաստիքների թիվը կավելանա։ Առաջին ատյանի դատավորների թիվը կավելանա 17-ով, որոնցից 8-ը կլինեն Երևանում։ Իսկ վերաքննիչ դատավորների 3 նոր հաստիք կավելանա։

«Կհայտարարվի մրցույթ, ընդհանուր առմամբ երեք ամիս է տևելու պրոցեսը։ Սկզբում այն կկայանա Երևանում, ապա՝ մարզերում։ Մրցույթում ներառվելու է գրավոր փուլ` ոչ թե պարզ թեստ է լինելու, այլ դատական օրենսգրքի իմացություն, ինչպես նաև խնդիր է ներկայացվելու, որը մասնակիցը պետք է լուծի։ Ապա կոռուպցիայի հանձնաժողովի կողմից բարեվարքության ստուգում կկատարվի, դրան կհետևի հոգեբանական թեստավորումը, ապա` բանավոր քննություն։ Վերջում մեկ ամիս նա կսովորի արդարադատության ակադեմիայում», – ասաց Բադասյանը։

Եթե այսօրվա պայմաններում դատավորների աշխատավարձը կրկնապատկենք, ոչինչ չի փոխվի. Ջհանգիրյան

Նշենք, որ այժմ առաջին ատյանի ընդհանուր դատարանի գործող դատավորների թիվը 149 է, իսկ վերաքննիչներինը` 18։