2020-ի դեկտեմբերին արձանագրվել է 3.4 տոկոս գնաճ. թանկացումներ էլի են սպասվում

Կենտրոնական բանկի դիտարկմամբ` հիմնականում թանկացել են ներմուծած պարենային ապրանքների գները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. 2020թ.–ի դեկտեմբերին Հայաստանում արձանագրվել է 3.4 տոկոս գնաճ, որը հիմնականում պայմանավորված է եղել ներմուծած պարենային ապրանքների գների աճով։ Տեղեկությունն այսօր ԿԲ–ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նաև հայտնեց, որ 2020թ–ի տարեկան գնաճը կազմել է 3.7 տոկոս։

Ինչու և ինչքան է կարագը թանկացել Հայաստանում. հանձնաժողովը պարզել է պատճառները

«Միջազգային հումքային ու ապրանքային շուկաներում շարունակվում են դրսևորվել գնաճային միտումներ, ինչն մեր գործընկեր երկրներում արտահայտվում է սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ»,– ասաց Գալստյանը` հավելելով, որ արտաքին աշխարհից ՀՀ տնտեսության վրա այսօր էլ պահպանվում է գնաճային ազդեցությունը։  

Գնաճային սպասումների ֆոնին ԿԲ–ն այսօր որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 0.25 տոկոսով ` այն սահմանելով 5.5%:

«Նման պայմաններում տեսանելի կանխատեսվող հորիզոնում գնաճը կգտնվի նպատակային 4 տոկոսի սահմաններում»,– ասաց ԿԲ նախագահը։

Հիշեցնենք` վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու որոշում ՀՀ ԿԲ–ն ընդունել էր 2020թ–ի դեկտեմբերի 15-ին` այն բարձրացնելով 1 տոկոսային կետով ու  սահմանելով 5.25%:

Մինչ այդ` 2020թ–ի սեպտեմբերի 15–ին ԿԲ –ը, հակառակը` որոշվել էր նվազեցնել տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ գործող 4.5%-ի փոխարեն սահմանելով 4.25%:

Ինչո՞ւ են թանկացել տոմսերը դեպի Ռուսաստան. պարզաբանում է ավիաընկերությունը

Ընդ որում, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այդ օրը հայտարարել էր նաև, որ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականություն է որդեգրել ու մինչև տարեվերջ այն նախատեսվում է դարձյալ վերանայել։

Բայց Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց` հոկտեմբերի 27-ի նիստում, ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ, իսկ տարեվերջին արդեն բարձրացրեց 1 տոկոսով։