ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik.Ոստիկանությունը բացահայտել է գողության հերթական դեպքը։ Պարզվել է, որ Երևանի Սարի թաղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ երբեմն միայնակ, երբեմն այլ անձանց հետ կատարել է հափշտակություններ։
Մասնավորապես` երիտասարդը Երևանի տարբեր շրջաններում գեղեցկության սրահներից գողացել կամ փորձել է գողանալ մազահեռացման սարքեր։ Բացի այդ նա փորձել էր վաճառակետերից տանել դրամարկղեր և գողանալ վճարային տերմինալ, բայց հանցագործությունը ավարտին չէր հասցրել:
Պարզվել է նաև, որ անցած տարվա դեկտեմբերի 29-ին նա երեք հոգու հետ Երևանի Բագրատունյաց փողոցի բակերից մեկում կայանված մեքենայից գողացել է համարանիշը, տեղադրել իր մեքենայի վրա, մեկնել Արարատի մարզի Այնթապ գյուղ, փորձել խանութից ու արտադրամասից գողություն անել: Սակայն ձախողել էին։
Եվս մեկ գողություն տղան իր ընկերների հետ կատարել էր հունվարի 11-ին։ Նրանք Մասիս քաղաքի մի տնից գողացել են 40 հազար դրամ:
Նշենք, որ տղաները ստորագրությամբ բաց են թողնվել, կատարվում է նախաքննություն: