Թուրքիայի գործոնն անհնար էր անտեսել. Մեդվեդևը` ռուս–թուրքական մոնիթորինգի կենտրոնի մասին

Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ Թուրքիայի գործոնը տարածաշրջանում հնարավոր չէ հաշվի չառնել, և իրողությունները խոսում են այն մասին, որ Ղարաբաղի հետ կապված հարցերը պետք է քննարկել նաև Անկարայի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումը չդիտարկել որպես տարածաշրջանում «երկարաժամկետ քաղաքականության տարր»:

Ադրբեջանի մոնիթորինգի կենտրոնում Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականների թիվը հավասար կլինի

«Սա նույնպես ընդհանուր կայունացման տարր է։ Բայց ես սա չէի գնահատի որպես ինչ-որ երկարաժամկետ քաղաքականության տարր կամ դավադրության տեսություն չէի կառուցի»,-նշել է Մեդվեդևը ռուսաստանցի լրագրողների հետ հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ին չի վախեցնում Թուրքիայի դերը Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության մեջ։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հաշվի առնել մեր տարածաշրջանում գոյություն ունեցող իրողությունները, իսկ իրողություններն այնպիսին են, որ այսօր այդ հարցը հարկավոր է քննարկել նաև Թուրքիայի գործընկերների հետ։

«Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկերը։ Եվ շատ մտերիմ երկիր է Ադրբեջանի համար։ Այդ գործոնն անհնար է անտեսել»,-հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ Մոսկվան և Անկարան արդյունավետ երկխոսություն են կառուցել, երկու երկրների նախագահները մշտապես շփվում են այդ թեմայով, որոշում է կայացվել գործերի ընդհանուր վիճակի վերահսկողության հատուկ կենտրոն ստեղծելու մասին, որին մասնակցում են թուրք և ռուս ծառայողներ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է հունվարի 30-ին՝ Կիյամադինլի բնակավայրի շրջանում, 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրի համաձայն:

Ինչ կտա մոնիթորինգային համակարգը բանակցություններին. փորձագետը` Փաշինյանի առաջարկի մասին