Թուրքիան «բայրաքթարների» ստեղծման վրա ծախսել է ՀՀ գիտության 10 տարվա բյուջեն. ԳԱԱ նախագահ

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ հայ գիտնականները ստանում են 100 000 դրամ աշխատավարձ, իսկ ակադեմիայի աշխատակիցների մեծ մասը` նվազագույն աշխատավարձ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Թուրքիայում գիտությանը հատկացվում է ՀՆԱ–ի 2%-ը, Հայաստանում` 0.25%-ը։ Այսօր ԱԺ–ում հրավիրված «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը`համեմատություն անցկացնելով Հայաստանի գիտության ֆինանսավորման հետ։

Մեր հարևաններն ամեն օր խեղաթյուրում են քարտեզները. ինչ է առաջարկում Հակոբ Արշակյանը

«Ասում են, որ նրանք «Բայրաքթարի» ստեղծման վրա ծախսել են մոտավորապես 270 մլն դոլար։ Այդ 270 մլն–ը մեր գիտությանը հատկացված միջոցներն են` 10 տարվա ընթացքում»,– ասաց Մարտիրոսյանը։

Գնահատելով Արցախյան 44-օրյա վերջին պատերազմի ընթացքն ու արդյունքը՝ ակադեմիկոսը շեշտեց, որ հայկական կողմը զիջել է հակառակորդի կիրառած նոր տեխնոլոգիաներին։

«Հույս ունենք, որ այն իրողությունները, որ տեղի ունեցան մեր կյանքում անցած տարվա ընթացքում, մեզ կշահագրգռեն էապես փոխել մեր մոտեցումները գիտության նկատմամբ ու էապես հասնել հաջողության»,– ասաց Մարտիրոսյանը։

Գիտության զարգացման ու նաև 5-րդ սերնդի հաջորդ` հնարավոր պատերազմին դիմակայելու համար, ԳԱԱ նախագահի խոսքով, անհրաժեշտ է ունենալ ոչ միայն պատշաճ ֆինանսավորում, այլև կադրային համապատասխան ներուժ, միջազգային բարձր մակարդակի համագործակցություն և գիտական բարձր մակարդակի պետական պատվեր։

Խոսելով գիտաշխատողների ֆինանսական ապահովվածության մասին Ռադիկ Մարտրոսյանը հայտնեց, որ ԳԱԱ գիտնականները ստանում են 100 000 դրամ, իսկ ակադեմիայի աշխատակիցների 2/3-ը՝ նվազագույն աշխատավարձ։

Նշենք, որ նվազագույն աշխատավարձը Հայաստանում 2021թ–ի հունվարից 68 000 դրամ է։

«Բայրաքթարներին» հակակշիռ ունենալու համար ոչ միայն փող ու կադրեր են պետք