Մարուքյանը Ռուսաստանի ուղղությամբ ավիատոմսերի թանկացման հարցով դիմել է ՏՄՊՊՀ

Էդմոն Մարուքյանի խոսքով`բազմաթիվ քաղաքացիներից ստանում են տեղեկություններ և դժգոհություններ այն մասին, որ դեպի ռուսական տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները բազմապատիկ աճել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեպի ՌԴ ավիատոմսերի թանկացման խնդրով այսօր դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին։ Մարուքյանը Facebook–ի իր էջում գրել է, որ բազմաթիվ քաղաքացիներից են տեղեկություններ ու դժգոհություններ ստանում, որ դեպի ռուսական տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները բազմապատիկ աճել են։

Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել

Դա վերաբերում է ոչ միայն ռուսական, այլ նաև հայկական ավիափոխադրողներին։ Ընդ որում` խոսքը դեռ միայն միակողմանի տոմսերի գների մասին է։

«Ըստ այդմ՝ ՏՄՊՊՀ նախագահին խնդրել եմ ուսումնասիրել, թե ավիատոմսերի շուկայում դեպի Ռուսաստան տոմսերի գների թանկացումներն ինչով են պայմանավորված, ինչպես նաև կիրառել օրենքով հանձնաժողովին վերապահված գործիքները՝ չհիմնավորված թանկացած տոմսերի գներն իջեցնելու և իրավախախտ սուբյեկտների նկատմամբ համապատասխան սանկցիաներ կիրառելու համար»,–գրել է Մարուքյանը։

Նա հավելել է, որ պատասխանը ստանալուն պես այն կհրապարակի իր պաշտոնական էջում։

Հիշեցնենք` այսօր «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ խաչատրյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով տոմսերի գներին և այն շահարկումներին, որ դրանք թանկացել են, շեշտեց, որ չեն թանկացել, պարզապես պահանջարկը մեծ է, իսկ ավելի էժան տոմսերը վաղուց սպառվել են:

Նշենք, որ փետրվարի 1-ից մեկ ամսով բացվել է ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ։

Փետրվարի 1-ին Հայաստանից դեպի Մոսկվա 4 չվերթ կիրականացվի: «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 1-ին դեպի Մոսկվա չվերթեր են իրականացնելու «Armenia», «Aeroflot» և «Red Wings» ավիաընկերությունները: