Լավրովը և ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելու հարցեր

Նշվում է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարի և Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահի միջև բանակցությունները կանցկացվեն Մոսկվայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կանցկացնի Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ: Տեղեկությունը հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

Արման Թաթոյանը գերիների հարցով դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Նշվում է, որ բանակցությունները կանցկացվեն Մոսկվայում`փետրվարի 2-ին։

«Սերգեյ Լավրովն ու Ան Լինդեն կքննարկեն նաև հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՀԿ աջակցությանը Ուկրաինայի Արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ՝ հունվարի 20–ին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմական իրադրության հարցն ԱԳ նախարար Արա Այվազյանը քննարկել էր ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։

Հանդիպման ժամանակ ընդգծվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Այվազյանը շեշտել էր կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում շեշտելով Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը։

Այվազյանն ու Լավրովը քննարկել են Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։