Իշխանությունը մեղավորներ է նշանակում. ով և ինչու է հիշել «Պատրոն Դավիթի» անորակ զենքերը

«Պատրոն Դավիթի» նկատմամբ ԱԱԾ–ում հարուցված քրեական գործի նպատակի ու նշանակության մասին Sputnik Արմենիան զրուցել է իրավաբան Ալեքսանդր Սիրունյանի ու քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. «Պատրոն Դավիթի» նկատմամբ ԱԱԾ–ում հարուցված քրեական գործը ուշացած է ու կիսատ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց հրաձգային զինատեսակներ արտադրող ռուսական ORSIS ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, որն այդ առիթով տևական ժամանակ է, ինչ ուսումնասիրում է պաշտպանական ոլորտում կատարվող ծախսերը։

«Պատրոն Դավոյի» նկատմամբ քրեական գործեր կան, պետք է ուրախանանք. Անդրանիկ Քոչարյան

«Ես համոզված չեմ, որ դրանում մեղավորը Դավիթ Գալստյանն է։ «Պատրոն Դավիթն» այս գործում ամենաքիչ մեղավորն է։ Կարող է` Դավիթ Գալստյանը ինչ–որ անորակ զենք է բերել, բայց ես ուզում եմ հասկանալ, թե ՊՆ–ում ով էր այդ միամիտը, որ այդ զենքն ընդունել էր` Տոնոյա՞նը, նրա տեղակալ Ղամբարյա՞նը, թե՞ ով»,– ասաց Սիրունյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԱԾ–ն այսօր հայտարարել էր, որ արտերկրում գրանցված Mosston Engineering ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը («Պատրոն Դավիթ»), նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի ընթացքում, ՊՆ–ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ–ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել:

Ի դեպ, հարուցված քրեական գործը միակը չէ։ Պարզվում է` Դավիթ Գալստյանի նկատմամբ, ընդհանուր առմամբ, շուրջ 4 քրեական գործ կա հարուցված։ Բայց փաստաբան Սիրունյանը վստահ է, որ ինչպես վերոհիշյալ, այնպես էլ մյուս բոլոր գործերն այդպես էլ մնալու են «օդում կախված» ու դրանցով որևէ մեկն այդպես էլ չի դատվելու, այդ թվում`«Պատրոն Դավոն»։

«Սա հերթական կիսաշոու է, որ ես, դուք, մեր նմանները մի կես տարի ձայն չհանենք, ասենք` տեսա՞ր` «Պատրոն Դավիթին» բռնեցին։ Ո՛չ, «Պատրոն Դավիթը» չպիտի բռնվեր, լրիվ ուրիշ մարդ պիտի բռնվեր։ Եվ այն էլ ոչ թե 1.5 տարի հետո, այլ 1.5 տարի առաջ»,– ասաց Սիրունյանը։

Առաջին փաստաթուղթը, որ հիմա փաստաբան Սիրունյանի ձեռքում է, թվագրված է 2018թ–ի հունիսի 14-ով։ Դրանով նորանշանակ նախարար Դավիթ Տոնյանը 3.5 մլն դոլարի անտոկոս ու ոչ նպատակային վարկ է տրամադրել Դավիթ Գալստյանին։

«Այդպես էլ գրված է պայմանագրում` առանց տոկոսի ու առանց նպատակի։ Վարկ է տրամադրել օֆշորում գրանցված մի ընկերության, որի տակ գրված է տնօրեն Դավիթ Գալստյան։ Այդ ժամանակից ես ուզում եմ հասկանալ որպես իրավաբան, թե մեր ՊՆ–ն երբանի՞ց է սկսել վարկեր տրամադրել։ Իսկ 2021թ–ի հունվարին մենք պարզում ենք, որ դա ոչ միայն օֆշորային ընկերություն է, այլև ընկերություն է, որը մեր բանակին անորակ զենք է տրամադրել»,– ասաց Սիրունյանը։

«Պատրոն Դավիթը» բերման է ենթարկվել ԱԱԾ. նրա մատակարարած արկերը չեն կրակել. տեսանյութ

Բացի այդ, նրա խոսքով, պաշտոնանկությունից ժամեր առաջ Տոնոյանը փորձել է 27 մլն դոլարի փոխանցում կատարել օֆշոր։ Փաստաբանը նաև արձանագրում է, որ ՀՀ զինվորական դատախազն ու ՊՆ գնումների պատասխանատուն «բաջանաղներ» են, պաշտպանության նախարարն ու զինվորական գործերով քննչական մարմնի ղեկավարը` «փեսա և աներձագ»։ Ըստ նրա` այս պայմաններում պաշտպանության համակարգում կատարվող հանցագործությունները հազիվ թե իրականում բացահայտվեն։

Խոսելով նախկին իշխանությունների, մասնավորապես` Սերժ Սարգսյանի նախկին թիկնապահ Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչո) հետ Դավիթ Գալստյանի հետ ունեցած կապի մասին լրատվամիջոցներում առկա տեղեություններին, Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ խոսքը կնքահոր ու սանիկի հարաբերությունների մասին են, որոնք իր խոսքով, «սրբություն են»։

Փաստաբանն արձանագրեց. «Նախկին իշխանությունների օրոք Դավիթ Գալստյանը ՊՆ–ի հիմնական մատակարարը չէր»։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցնում է, որ Դավիթ Գալստյանի մասին լուրերը շրջանառության մեջ էին դրվել շատ ավելի շուտ` ընդդիմադիր շրջանակների, այդ թվում` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից։

Հակոբյանը միաժամանակ փաստում է, որ այդ ժամանակ իշխանությւնն ու իրավապահներն այդ հայտարարություններին ու ներկայացված փաստերին որևէ կերպ չարձագանքեցին, իսկ ՊՆ–ն զենքի վաճառքի գործարքներում Դավիթ Տոնոյանի ներգրավվածության մասին լուրերը «լկտի սուտ և մանիպուլյացիա» որակեց։

«Պարզ է, որ հիմա, եթե արձագանք կա, այն էլ հետպատերազմյան շրջանում, ապա դա ինչ–որ մեկին ակհայտորեն հիմա արդեն անհրաժեշտ է»,– կարծում է քաղտեխնոլոգը` հիշեցնելով, որ ՊՆ–ում ղեկավար կազմը փոխվել է, ու քաղաքական ղեկավարությունը փորձում է մեղավորներ նշանակել «գնացածներին» կամ նրանց մոտ կանգնած անձանց շրջանակից։

«Ես չեմ ուզում պնդել, որ նման մեղք չկա։ Սա քննության խնդիր է։ Չեմ բացառում, որ բավականին լուրջ հանցակազմ էլ կարող է լինել։ Բայց ես կարծում եմ, որ տվյալ դեպքում, այնուամենայնիվ, այս որոշումը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է արվել»,– ասաց Հակոբյանը։

Միաժամանակ քաղտեխնոլոգը չի բացառում, որ հարուցված քրեական գործում կարող են նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին վերաբերող դրվագներ լինել, հատկապես որ, ըստ նրա, ՀՀ քաղաքական իշխանությունը քավության նոխազի և ուշադրությունն իրենից շեղելու խիստ անհրաժեշտություն ունի։

Նշենք, որ հոդվածում նաև ՀՀ ՊՆ նախկին ղեկավարության տեսակետը ներկայացնելու նպատակով Sputnik Արմենիան փորձեց կապ հաստատել նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու նրա նախկին տեղակալ Մակար Ղամբարյանի հետ։ Բայց անարդյունք։

Մենք զիջում էինք Ադրբեջանին. փորձագետը` պատերազմի ժամանակ ունեցած սպառազինության մասին