Ինչ հեռանկարներ ունի Արցախում ռուս-թուրքական մոնիթորինգը

Ադրբեջանի Աղդամի շրջանում Ռուսաստանի ու Թուրքիայի համատեղ մոնիթորինգային կենտրոնը ստեղծվել է տարածաշրջանային կայունության ամրապնդման համար, բայց այնուամենայնիվ, փոխզիջումների վրա կառուցված խաղաղությունն անկայուն է:
Sputnik

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Հարավային Կովկասում իրավիճակը բնութագրվում է ռազմաքաղաքական լարվածության պահպանմամբ, ռազմականացման, ազգային բանակների վերազինման, արտաքին ռազմական ուժի ներգրավման հիման վրա կայունության հակասական ձգտմամբ:

Արցախում ռուս-թուրքական մոնիթորինգի առանձնահատկությունները

Ղարաբաղում զինադադարի դիտարկման ռուս-թուրքական կենտրոնը շաբաթ օրը սկսել է աշխատել Ադրբեջանի Աղդամի շրջանում ՝ 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրի համաձայն: Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը հունվարի 30-ին կայացած հեռախոսազրույցում վստահություն են հայտնել, որ կենտրոնը «կծառայի տարածաշրջանում երկարատև խաղաղության ու անվտանգության ապահովմանը»:

Ռուս–թուրքական մոնիթորինգային կենտրոնը ֆորմալ բնույթ կրող կառույցի տպավորություն է թողնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը անհրաժեշտ ներդրում կունենա Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման համար: Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը հունվարի 29-ին լավատեսորեն են գնահատել «երկու պետություն՝ մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում փոխգործակցության հեռանկարները:

Մեկնաբանելով թուրքական ներկայությունը Հարավային Կովկասում՝ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել է. «Թուրքիան մեր հարևանն է ու շատ կարևոր գործընկեր է: Եվ շատ մտերիմ երկիր է Ադրբեջանի համար։ Այդ գործոնը հնարավոր չէ հաշվի չառնել»։ Եվ այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնն ընդհանուր կայունացման, այլ ոչ թե տարածաշրջանում երկարաժամկետ քաղաքականության տարր է։ Մոսկվան ակնարկում է, որ թուրք գործընկերներն այստեղ ընդմիշտ չե՞ն։

Ինչևէ, համատեղ կենտրոնի շտաբը ձևավորվել է պարիտետային հիմունքներով, դրանում յուրաքանչյուր կողմից հավասար թվով ներկայացուցիչներ կան։ Անկարայի տվյալներով՝ Կենտրոնում այսօր 39 թուրք զինծառայող է գործում։ Ռուս մասնագետների հրամանատարը գեներալ-մայոր Վիկտոր Ֆեդորենկոն է, թուրքերինը՝ գեներալ – մայոր Աբդուլա Գաթիրչին։ Կենտրոնը հավաքում, ստուգում և ամփոփում է հրադադարի ռեժիմի պահպանման և պայմանավորվածությունների խախտումների մասին տեղեկությունը: Վերահսկողությունն իրականացվում է անօդաչու թռչող սարքերի և այլ տեխնիկական միջոցների օգնությամբ:

Բարդ տեղակայում

ԶԼՄ-ների տվյալներով ՝ ի սկզբանե քննարկվել են Գյանջայում կամ Բարդայում կենտրոնի տեղակայման տարբերակները, սակայն թուրքական կողմին չի գոհացրել այդ կետերի աշխարհագրական հեռավորությունը ռուսական խաղաղապահ գործողության գոտուց: ՌԴ ներկայացուցիչները դեմ են եղել Արցախի տարածքում համատեղ կենտրոնի տեղակայմանը․ այնտեղ թուրք խաղաղապահների ներկայությունը նախատեսված չէ։ Քննարկումների արդյունքում ընտրվել է Ադրբեջանի Աղդամի շրջանի Մարզիլի (Mərzili) գյուղը։

Թուրքիայի գործոնն անհնար էր անտեսել. Մեդվեդևը` ռուս–թուրքական մոնիթորինգի կենտրոնի մասին

Տեղակայման կետը գտնվում է կողմերի շփման գծից 8 կմ,  Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ուղիղ գծով մոտ 30 կմ, ավտոճանապարհով ՝ 41 կմ հեռավորության վրա: Մարզիլի գյուղը 1990-ականների կեսերից մինչև անցյալ տարվա աշուն վերահսկվում էր ԼՂՀ իշխանության կողմից: Հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի համաձայն ՝ Աղդամի և չորս այլ շրջանների տարածքը փոխանցվել է Ադրբեջանին։

Ռուս-թուրքական կենտրոնի ծառայողական ու կենցաղային շինությունները կառուցված են բաց հարթակում, մոդուլային սկզբունքով և հագեցած են ծառայության և հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով։ Օբյեկտի տարածքի (մոտ չորս հեկտար մակերեսով) պաշտպանությունն իրականացնում է ադրբեջանական բանակը։ Դիտարկման և հետախուզության տեխնիկական միջոցների տեղակայման կետից տեսանելի է այն ամենը, ինչ տեղի է ունենում Ղարաբաղի տարածքում՝ ռուսական խաղաղապահ գործողության գոտում։ Կողմերի պայմանավորվածության համաձայն՝ թուրք ռազմական մասնագետները համատեղ կենտրոնից պարեկության չեն մեկնում։ Կարծում եմ՝ հայ բնակչությանը գրգռող այդ համատեղ միջոցառումը նույնիսկ ավելի քիչ արդյունավետ կլիներ, քան անընդհատ օդային և ռադիոտեխնիկական հետախուզությունը Մարզիլի գյուղից։

Այս փուլում Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի հարց չի կարող քննարկվել. Անտինյան

Օբյեկտի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վստահություն է հայտնել, որ ռուս և թուրք զինծառայողների միջև լավ հարաբերություններ կհաստատվեն: Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հաջողություններ է մաղթել զինծառայողներին: Ժամանակը ցույց կտա, թե որքան արդյունավետ ու կառուցողական կլինեն ադրբեջանական բազմավեկտորությունն ու ռուս-թուրքական պարտադրված փոխգործակցությունը ղարաբաղյան ուղղությամբ։ Դեռ դժվար է խոսել համատեղ կենտրոնի մասնագետների պարտականությունների ու իրավասությունների բաշխման սկզբունքների մասին: Սիրիայի հյուսիսում մարտական միջավայրում մշակված փոխզիջումների ալգորիթմները Հարավային Կովկասում կարող են ակնկալվող արդյունքները չտալ։

Վերահսկողության համակարգը

Ռուս-թուրքական կենտրոնի տեղակայման վայրն ու խնդիրները, ըստ էության, կրկնօրինակում են ռուսական խաղաղապահ խմբավորումը, որը տարածաշրջանում ունի վերահսկողության բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցները (ներառյալ անօդաչու սարքերը) և դիտարկման 27 կետերից բաղկացած ցանցը: Կենտրոնի բացումը նշանակում է Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության աճ։

Ադրբեջանի մոնիթորինգի կենտրոնում Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականների թիվը հավասար կլինի

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունվարի 30-ին քննարկել է Թուրքիայի հետ ռազմական համագործակցության հաջող զարգացումն ու ամրապնդումը Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաօսմանօղլուի հետ հանդիպման ժամանակ: Ընդ որում, կողմերը խոսել են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ջանքերի ավելացման և համատեղ զորավարժությունների անցկացման անհրաժեշտության մասին: Իբր վերջիններս ծառայում են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության պահպանմանը։

Ադրբեջանում զորավարժություններին թուրքական ստորաբաժանումների մշտական մասնակցությունը մտահոգում է հարևաններին, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է։ Եվ չնայած նույն օրը Զաքիր Հասանովը դիվանագիտորեն ընդգծել է Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում, ներառյալ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, տագնապալի նստվածքը մնացել է։

Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ Յունուս Էմրե Կարաօսմանօղլուն համատեղ կենտրոնի բացման արարողության ժամանակ հստակեցրել է դրա խնդիրները.

Ինչ կտա մոնիթորինգային համակարգը բանակցություններին. փորձագետը` Փաշինյանի առաջարկի մասին

«Հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն, հրադադարի ռեժիմի դեպքերի գրանցու... խախտումների կանխման միջոցառումների ձեռնարկում»: Բայց արդյո՞ք թուրք հրամանատարը թույլ չի տալիս Bayraktar TB2 անօդաչուների հարվածային կիրառումը Ղարաբաղում կասկածելի օբյեկտների վրա։ Օրինակ՝ Սիրիայում թուրք գործընկերները նման դեպքերում միշտ չէ, որ տեղյակ են պահում ռուսական կողմին իրենց գործողությունների կամ մտադրությունների մասին։

Աղդամի շրջանում գտնվող ռուս-թուրքական կենտրոնը կարող է լինել «փափուկ ուժի» արդյունավետ գործիք և տարածաշրջանային կայունության լրացուցիչ երաշխիք։ Բայց կարող է հիմք հանդիսանալ Ադրբեջանում թուրքական զորքերի մշտական ռազմական ներկայության, տուրբուլենտության զարգացման և ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման համար։ Անհրաժեշտ է սթափ գնահատել Թուրքիայի խաղաղասիրությունը, խնդիրներն ու նպատակները Հարավային Կովկասում։