«Հիմա դա անհնար է»․ Դմիտրի Մեդվեդևը՝ Արցախի կարգավիճակի մասին

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը խոսել է Ղարաբաղյան հակամարտության, այդ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ Վլադիմիր Պուտինի կատարած «ոսկերչական աշխատանքի» մասին, նաև հիշեցրել, որ Արցախի անկախությունն անգամ ՀՀ–ն դեռ չի ճանաչել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը դեռ լուծված չէ, ավելի լավ է թողնել հետոյի համար, ոչ թե քննարկել հիմա։ Այս մասին հայտարարել էր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Արցախի կարգավիճակի հարցը «գյոռբագյոռ» եղավ. Նաիրա Զոհրաբյան

«Իմ կարծիքով` այսօր բոլորի համար լիովին ակնհայտ է, որ կարգավիճակի հարցն իրոք որոշված չէ, բայց հիմա այն չի կարելի քննարկել, քանի որ կարգավիճակի շուրջ քննարկումների այդ դաշտի ցանկացած էլեկտրականացում հանգեցնում է նրան, որ լիցքերի ուժեղագույն բախում է առաջանում։ Հիմա հնարավոր չէ անել դա։ Առավել ևս, որ կողմերի դիրքորոշումներն այստեղ շատ խիստ տարբերվում են, անգամ Հայաստանի ներսում են բանավեճեր ընթանում»,-ասել է նա ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։

Մեդվեդևը նշել է, որ ժամանակին հսկայական ժամանակ է ծախսել երկխոսության գործընկերների հետ այդ հարցը քննարկելու համար:

Արցախի կարգավիճակը միտումնավոր չի հիշատակվել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ․ Լավրով

«Իսկ ես հիշեցնեմ, որ Հայաստանը չի էլ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ մասին, չգիտես ինչու, բոլոր մոռանում են, բայց դա հենց այդպես է։ Ուստի կագրավիճակի հարցն ավելի լավ է հետաձգել ապագա ժամանակահատվածին»,-նշել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Դմիտրի Մեդվեդևը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ուղությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքն անվանել է ոսկերչական։

«Ընդ որում՝ դա նրբագույն աշխատանք էր, ես մի օր հետևել եմ այդ աշխատանքին։ Վլադիմիր Վադիմիրովիչը ժամերով բանավեճերի մեջ էր այդ հակամարտության մասնակիցների միջև։ Եթե նրա աշխատանքը չլիներ, ուղիղ խոսենք, այդ հակամարտությունը կարող է շարունակվել մինչև օրս։ Դա հսկայական աշխատանք է, որի համար, ինչպես ինձ թվում է, թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը պետք է շատ երախտապարտ լինեն Ռուսաստանի նախագահին»,-ասել է Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ թեժ փուլը դադարեցվել է, իրավիճակն ընդհանուր առմամբ հանդարտվել է, և դա ամենակարևորն է։

«Մարդիկ չեն զոհվում և զարգացման հնարավորություններ կան։ Հունվարի 11-ին երեք երկրների նախագահները հանդիպել են Մոսկվայում և նշել իրավիճակի հետագա տնտեսական առողջացման ուղիները։ Դա նույնպես շատ կարևոր է, չէ՞ որ մարդկանց համար այն ավերածությունները, որոնց մեջ նրանք ապրում են, որոնց մեջ հայտնվել են այս ռազմական գործողությունների հետևանքով, ամենացավալին են, իհարկե, բացի զոհերից»,-նշել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

«Համամիտ եմ Պոպովի հետ». Այվազյանը շեշտել է ԼՂ կարգավիճակի կարևորությունը

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են