Ադրբեջանը 26 տարի շարունակ չի համաձայնվել, հիմա առավել ևս չի համաձայնվի Արցախի կարգավիճակի խնդրի լուծմանը Ադրբեջանի կազմից դուրս։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Շրջադարձ հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Էդուարդ Անտինյանը։
Նրա խոսքով` այն, որ Արցախի կարգավիճակի հարցը մի օր պետք է օրակարգային դառնա, աներկբա է։ Սակայն ակնկալել, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան խնդրի լուծման հարցում լրջագույն ներդրում կունենան, առնվազն միամտություն է։ Անտինյանը հիշեցնում է ոչ վաղ անցյալում խնդրի շուրջ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը և հորդորում ԱՄՆ նորանշանակ նախագահից սպասելիքների մասին խոսելիս էլ զգուշավոր լինել։
«Մենք չգիտենք՝ ԱՄՆ-ի համար խաղաքարտ ենք դառնալո՞ւ, թե՞ իսկապես դա կարող է բխել մեր շահերից։ Այն, որ դեմոկրատ Բայդենը հայտարարում է, որ ավելի ագրեսիվ է լինելու ՌԴ-ի հանդեպ, սանկցիաները պետք է ավելանան, դա ինչ-որ ձևով կանդրադառնա՞ նաև Արցախի կարգավիճակի վրա։ Ես դեռ չգիտեմ, թե որքանով դա կբխի մեր շահերից, չպետք է շտապենք ոգևորվել, ուրախանալ»,- ասաց նա։
Անտինյանի դիտարկմամբ`կարգավիճակի շուրջ քննարկումներն այս փուլում հետաձգելը լավագույն լուծումն է և ավելի շատ բխում է Հայաստանի շահերից։
«Այս դիրքով մենք Ադրբեջանին չենք կարող որևէ կարգավիճակ Ղարաբաղի հետ կապված պարտադրել կամ նույնիսկ բանակցել։ Պետք է սպասել, որ ժամանակ անցնի, գուցե այդ ժամանակը նաև մեզ համար բարենպաստ լինի, գուցե ավելի հզորանանք. տարածաշրջանում ու աշխարհում պետք է փոփոխություններ լինեն, որ մեր դիրքերը փոխվեն»,- նշեց Անտինյանը։
Ըստ նրա, եթե ՌԴ-ն փորձի միջնորդել կարգավիճակի հարցում, Ադրբեջանի թիկունքին կանգնած «ավագ եղբայրը» դարձյալ գլուխ կբարձրացնի, ինչն այս փուլում չի բխում Ռուսաստանի շահերից։