Մեկ օրում Արցախ է վերադարձել 110-ից ավելի բնակիչ

Եղանակային վատ պայմանների պատճառով ականազերծման աշխատանքներ չեն իրականացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. 112 արցախցիներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից վերադարձել են Արցախ։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Վատ եղանակի պատճառով Սիսիանում կանգ առած արցախցիների 2 ավտոբուսներն արդեն մեկնել են

«Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները», - ասված է հաղորդագրությունում։

Ընդհանուր առմամբ, ռուսական պաշտպանական գերատեսչության տվյալներով, նոյեմբերի 14-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայրեր են վերադարձել 51 854 արցախցիներ:

Ականազերծման և պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման աշխատանքներ չեն իրականացվել՝ պայմանավորված եղանակային վատ պայմաններով։ Նոյեմբերի 23-ից մինչ օրս խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված ռուս սակրավորները Արցախում ականազերծել են 853,3 հեկտար տարածք, 245,8 կմ ճանապարհ, 962 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 23 936 պայթունավտանգ առարկա։

Նշվում է, որ խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում:

Ախալքալաքում բողոքի ակցիա է. պահանջում են բացել վրաց-հայկական սահմանը

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են