Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են ակտիվ փոխգործակցել ռազմական ոլորտում, ինքնին վտանգավոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։
«Դա ինչ-որ տեղ նաև գործոն է նրանցից յուրաքանչյուրի, հատկապես՝ Ադրբեջանի, մարտական հնարավորությունների աճի համար»,- ասաց նա։
Նրա խոսքով` զուգահեռները, որ անցկացվում են 2020-ի ամռային զորավարժությունների հետ, փոքր-ինչ չափազանցված են, գոնե մոտ ապագայում փորձագետը ռազմական նոր ագրեսիան քիչ հավանական է համարում, երկարաժամկետ հեռանկարում դրա հավանականության մասին փոքր-ինչ վերապահումով է խոսում։
Զորավարժությունները տարածաշրջանում որոշակի ճնշման գործիք են նաև ռուսական կողմի համար։ Հարությունովի դիտարկմամբ` Ռուսաստանն ու Թուրքիան կխուսափեն մոտ ապագայում ռազմական գործողություններից, բայց չպետք է մոռանալ, որ այս երկրները նաև մրցակիցներ են թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Մերձավոր Արևելքում, իսկ այդ մրցակցությունը ինչ-որ փուլում կարող է ուժային բնույթ կրել։
«Երկուսն էլ ունեն ռազմական ներկայություն. Ադրբեջանի տարածքում Թուրքիան պաշտոնական կամ ոչ պաշտոնական ձևաչափերով, Ղարաբաղում ռուս խաղաղապահներն են ներկա, Հայաստանում էլ է իրենց զորախումբը։ Այսինքն` դա ևս ինչ-որ տեղ ռիսկերն ավելացնում է, որովհետև իրենք անմիջականորեն որոշակի տարածքում ներկա են»,- նշեց փորձագետը։
Նշենք, որ Թուրքիան և Ադրբեջանն ավելի վաղ հայտնել էին փետրվարի 1-12-ը Կարսում համատեղ «Ձմեռ-2021» զորավարժություններ անցկացնելու մասին։
Ադրբեջանա-թուրքական վերջին համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքային-մարտավարական զորավարժությունները՝ երկու երկրի ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ, անցկացվել էին 2020 թվականի օգոստոսին, որոնք նախորդեցին արցախյան երկրորդ պատերազմին։
Հայտնի է` ինչ են պայմանավորվել Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ–ի փոխվարչապետները Մոսկվայում