Բռնցքամարտի ֆեդերացիան կոչ է անում ազատ արձակել Հակոբկոխյանին

Լեգենդար բռնցքամարտիկի գործով որոշումը դատարանը հրապարակելու է այսօր՝ կեսօրից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պահանջում է անհապաղ ազատ արձակել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին։ Ֆեդերացիան Facebook-ի պաշտոնական էջում մարզիկի ձերբակալությունը դատապարտող հայտարարություն է տարածել։

«Ժողովրդի իրավունքն է ապստամբել այս իշխանության դեմ». Երևանում կրկին հանրահավաք է

«Հայկական բռնցքամարտի աշխարհը դատապարտում է աշխարհահռչակ բռնցքամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ պատմության լավագույն բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի նկատմամբ քաղաքական ոտնձգությունները»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` դեկտեմբերի 28-ին մի քանի հարյուր քաղաքացիներ Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հետո կառավարության շենքի դիմաց բախումներ սկսվեցին շենքը պահպանող ոստիկանության աշխատակիցների ու քաղաքացիների միջև, երբ մի խումբ քաղաքացիներ փորձեցին մուտք գործել կառավարության շենք։

Դեպքի վայրից բերման ենթարկվեցին շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ, որոնք հետագայում ազատ արձակվեցին։ Իսկ հաջորդ օրը` հունվարի 29-ին, հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենքեր, շինություններ զավթելու փորձ» հոդվածով:

Քրեական գործի շրջանակներում ձերբակալվեցին հայտնի բռնցքամարտիկ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին, ԱԺ նախկին պատգամավոր, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանին, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանին, ՊՆ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանին, «Կամք» հասարակական կազմակերպության հիմնադիր Վահագն Չախալյանին:

Արագած Ախոյանին ու Արշակ Զաքարյանին դատարանն ազատ է արձակել

Դատարանի որոշմամբ՝ չորս ձերբակալվածներն արդեն ազատ են արձակվել, անազատության մեջ շարունակում է մնալ միայն Իսրայել Հակոբկոխյանը։ Նրա գործով դատարանը որոշում կհրապարակի այսօր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են արցախյան պատերազմում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։