Արցախում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվի ադրբեջանական կողմի արգելքի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Արցախում հունվարի 30-ին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արցախի ԱԻ պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հունան Թադևոսյանը։

Ադրբեջանը հայտնել է պատերազմում զոհվածների և անհետ կորածների պաշտոնական թիվը

Նրա խոսքով ՝ զինծառայողի աճյունը հայտնաբերվել է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի հարակից տարածքում։ Ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Թադևոսյանը նշել է, որ այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու ՝ ադրբեջանական կողմի արգելքի պատճառով։
«Ադրբեջանական կողմն արգելել է այսօր որոնողական աշխատանքներ կատարել, սակայն որևէ բացատրություն չի տվել, թե ինչի հետ է կապված այդ որոշումը», - ասել է Թադևոսյանը:

Առաջիկա օրերին որոնողական աշխատանքները կվերսկսվեն։

Հիշեցնենք, որ որոնողական աշխատանքների մեկնարկից ի վեր հայտնաբերվել են 1345 զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմիններ և աճյուններ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։