Արցախի կարգավիճակի հարցը «գյոռբագյոռ» եղավ. Նաիրա Զոհրաբյան

Փաշինյանը մերժել է Լավրովի առաջարկը՝ այն համարելով «լավրովյան վատ պլան», դրա հետևանքով մենք կորցրեցինք Արցախի 75 տոկոսն ու մեծ թվով զոհեր ունեցանք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Հոկտեմբերի 14-ին կար հնարավորություն կանգնեցնել պատերազմը։ Նման գրառում է Facebook-ի իր էջում արել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու հրապարակել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցից մի հատված։

«Հոկտեմբերի 14-ին մեր զոհերի թիվը, ըստ պաշտոնական հայտարարության, չէր անցնում 800-ը։ Հոկտեմբերի 14-ին հնարավորություն կար նաև երկրորդ փուլում լուծել Արցախի կարգավիճակի հարցը։ Նիկոլ Փաշինյանը այս առաջարկը ևս մերժել է՝ համարելով լավրովյան վատ պլան»,- տեսանյութին կից գրել է պատգամավորը։

Նա մատնանշել է, որ դրա փոխարեն հիմա մենք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, հաշմանդամություն ձեռք բերած հազարավոր զինծառայողներ և տասնյակ հազարավոր տեղահանվածներ։

«Իսկ Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես օգտագործելով Արծրուն Հովհաննիսյանի լեքսիկոնը, հայտարարեց Ալիևը՝ «գյոռբագոռ» եղավ։ Ահա այսպես»,- եզրափակել է Զոհրաբյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 14-ին հրապարակված հարցազրույցում Լավրովը խոսում է արցախյան հարցը երկու փուլով լուծելու մասին։

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Արցախի շուրջ պայմանավորվածությունները

Առաջին փուլում պետք է հանձնվեր 5 շրջանը՝ երաշխավորելով Արցախի անվտանգությունը, ապաշրջափակվելու էին տրանսպորտային հաղորդակցման ուղիները, տեղակայվելու էր խաղաղապահ զորակազմը։

Երկրորդ փուլում որոշվելու էր Արցախի կարգավիճակը, հանձնվելու էին ևս երկու շրջաններ։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։