Որևէ ադրբեջանցի Շուշի չէր վերադառնալու, և վերջ. Փաշինյանի ասածը չի համոզել Զոհրաբյանին

Ընդդիմադիր պատգամավորը Փաշինյանի ելույթից եզրակացրել է, որ եթե ՀՀ վարչապետն ընդուներ Վլադիմիր Պուտինի առաջարկն ու հոկտեմբերի 19-ին կանգնեցներ պատերազմը, ապա Շուշին կմնար հայկական վերահսկողության տակ, զոհերի թիվը չէր լինի այսքան աղետալի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը Facebook-ում վերլուծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Շուշիի մասին հայտարարության այսօրվա մեկնաբանությունը:

«Եթե Նիկոլ Փաշինյանն ընդուներ Վլադիմիր Պուտինի առաջարկն ու հոկտեմբերի 19-ին կանգնեցներ պատերազմը, ինչին, ի դեպ, համաձայնել էր Ալիևը, ապա Շուշին կմնար հայկական վերահսկողության տակ, զոհերի թիվը չէր լինի այսքան աղետալի, որովհետև ըստ պաշտոնական թվերի, հոկտեմբերի 19-ի դրությամբ մենք ունեինք 729 զոհ, Արցախի տարածքի զգալի մասը չէինք կորցնի, որովհետև հոկտեմբերի 19-ի դրությամբ թուրքը գրավել էր Արցախի հարավից դեռ որոշակի հատվածներ միայն։ Եթե Նիկոլը ընդուներ Պուտինի առաջարկը, ու պատերազմը կանգներ, հազարավոր պայծառ տղաներ այսօր ողջ կլինեին»,- Փաշինյանի Facebook-յան ուղիղ եթերից հետո գրել է Զոհրաբյանը:

Նրա խոսքով` ադրբեջանցի փախստականների հնարավոր վերադարձը Շուշի, որով Փաշինյանը հիմա փորձում է արդարացնել Շուշիի հանձնումը, ընդամենը գավառական բլեֆ է։

Շուշիի թեմայով շահարկումները տնային տնտեսուհիների համար են. Ալեն Սիմոնյան

«Եթե Շուշին մնար մերը, ապա որևէ անվտանգության երաշխիքի դեպքում մեկ ադրբեջանցի անգամ Շուշի չէր վերադառնա»,- համոզմունք է հայտնում Զոհրաբյանը:

Ընդդիմադիր պատգամավորը համոզված է նաև, որ այդ առաջարկն ընդունելով` Փաշինյանը կարող էր հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնել, բայց չարեց դա:

Զոհրաբյանը նաև հիշեցնում է Շուշիի քաղաքապետի՝ օրերս արած հայտարարությունն այն մասին, որ 2008 թվականից Շուշիի բնակֆոնդը սպառված է եղել, և որևէ ադրբեջանցի անգամ տեխնիկապես չէր կարող վերադառնալ Շուշի:

«Բայց եթե անգամ տեսականորեն ընդունենք այն ցնդաբանությունը, որ հենց հաջորդ օրը բոլոր ադրբեջանցիները հավաքելու էին իրենց ճամպրուկները ու գալու էին Շուշի ապրելու, այո՛, անգամ այդ տարբերակով պիտի հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցվեր, որովհետև այդ դեպքում մենք կունենայինք մի քանի հազար անգամ քիչ զոհ, այդ դեպքում մենք կունենայինք Արցախից ընդամենը շատ փոքր հարավային մասում կորուստ, և այդ դեպքում Շուշին կլիներ հայկական վերահսկողության տակ։ Սակայն դա անհնար սցենար էր. որևէ ադրբեջանցի Շուշի չէր վերադառնալու, և վերջ»,- գրում է պատգամավորը:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես խոստացել էր հունվարի 28-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր Facebook-ի ուղիղ եթերում մեկնաբանեց Շուշիի՝ հայկական քաղաք լինել-չլինելու մասին ԱԺ-ում արած իր հայտարարությունը:

Փաշինյանը մասնավորապես ասաց, որ այդ հայտարարությունն արել է ադրբեջանցի փախստականների վերադարձի և 1992թ-ի ժողովրդագրական ստատուս քվոն վերականգնելու մասին Ադրբեջանի պահանջի համատեքստում: