Շուրջ 4 ժամ է` փակ է Սիսիան-Գորիս ճանապարհի մի հատվածը, մեքենաները ձյան տակ են մնացել

Տեղում աշխատում են փրկարարական ջոկատները։ Գորիսի քաղաքապետի օգնականը հորդորում է առայժմ չերթևեկել այդ հատվածով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Շուրջ 4 ժամ է` փակ է Սիսիան-Գորիս ճանապարհի այն հատվածը, որը տանում է Շինուհայր։ Տեղեկությունը հայտնում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

«Սաստիկ բքի պատճառով բազմաթիվ մեքենաներ մնացել են ձյան տակ։ Տեղում աշխատում են փրկարարական ջոկատները, օգնության է հասել նաև ՊՆ։ Առայժմ չի հաջողվում ճանապարհը բացել ուժեղ բքի պատճառով»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Խորհուրդ է տրվում չերթևեկել, քանի որ վատ եղանակի պատճառով հնարավոր չէ իրականացնել ճանապարհի մաքրման աշխատանքներ։

Սյունիքում մեկ օրվա ընթացքում 2–րդ մեքենան է գլորվել ձորը, վարորդը տեղում մահացել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ առատ ձյան պատճառով մոտ 120 ավտոմեքենա է արգելափակվել Գորիս-Սիսիան ճանապարհին։